Փոքրիկ քաղաքի փոքրաչ լույսերը' սառն ու անմասնակից, անտարբեր տողեր են երգում մենության ու հիասթափության մասին: Իմ հույսերը քեզ եմ փաթաթում, ներիր: Դու ուժեղ ես ինձնից. անգամ թե փշրվեմ քեզ մոտ վազելիս, դու հատ-հատ հետ կհավաքես ջարդված հայացքներս ու անմիտ խոսքերս ու կսիրես ինձ հենց այնպես. անպաշտպան, փոքրիկ, անլույս ու անհույս: Ես կպահանջեմ ինձ լույս տալ, ամուր գրկել, ավելի ամուր, այնպես, որ սիրտս մտածելու ուժ չունենա, բայց դու կվախենաս հարվածել ցավոտ մտքերիս. դրանք երբեք քեզ չեն պատկանի: Եվ կխենթանաս, կմոլեգնես իմ հիմար կյանքից, կուզես ինձ սեղմել ճշմարտության ու գեղեցիկի քո պատկերացումներում, իսկ ես դուրս կսողոսկեմ քո ամուր ձեռքերից, կհամբուրեմ անինձ շուրթերդ, կժպտամ սատանայաբար ու կդևեմ իմ գորշության ամրոցներ' կործանելու ու կործանվելու: Դու կասես, որ սիրում ես ինձ և չես ցանկանա ինձ ցավ պատճառել, բայց ես կցավեմ, կհոսեմ դևական արցունքներով, կհոսեմ մատներիդ արանքով, ինձ չես պահի, որովհետև երբեք էլ քոնը չեմ եղել: Ախ, քո ամուր ձեռքերը, որ այդպես էլ երբեք չեն սեղմի ինձ այնպես ամուր, ինչպես սեղմում ես ինձ քո երազներում ու զայրագին արթնանում քո սառն անկողնում, որտեղ երբեք չեմ փայլի: Ես երբեք էլ քոնը չեմ լինի, որովհետև դու կվախենաս ինձ ցավ պատճառել, իսկ ես կցավեմ իմ սատանա սիրուց և կմահանամ հենց այնպես: Որովհետև այդպես զվարճալի կլինի: Եվ կցավես: