Դու կզանգեիր, կասեիր, որ մի քանի րոպեից մեր բակում ես, իսկ ինձ կմնար միայն բաճկոնս հագնել, կապել մեր շարֆը, վերցնել ձեռնոցներս ու իջնել: Ես չէի նայի հայելու մեջ, որովհետև դու իմ ընտանիքն էիր: Սիրտս միշտ էլ արագ էր զարկում կողքիդ, որովհետև դու դեռ իմ ընտանիքը պետք է դառնայիր: Ես երազում էի միասին արթնանալու մասին, իսկ երբ դա եղավ… Ամիսներ ապրում էինք մեր «բարի լույս»-ով: Հեռու, բոլորից հեռու, աշխարհի իսկապես ամենահեռավոր անկյունում մենք ընտանիք ունեցանք, թեկուզ ոչ այնքան, որքան պետք է լիներ: Կարճ էր: Բայց հաստատ այնքան, որ բավարար էր հասկանալու համար' այսպես պետք է ամեն օր լինի: Բայց այդպես չեղավ, որովհետև… Որովհետև դու էլ գիտես, որ… Դու գիտես, որ ես չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց, որ այլևս քեզ այդպես «բարի լույս» չասացի, ու մթնեցին առավոտներս, մեռան գիշերներս, իմաստազրկվեցին ցերեկներս: Դու կողքիս եղար անգամ երբ որոշեցի մահանալ մեր մեջ, հեռանալ, չգիտեմ էլ ինչու: Ես այլևս քեզ այդպես «բարի լույս» չասացի, իսկ դու երբեք էլ չասացիր, որ կարոտ ես «բարի լույս»-իս: Այդքան բան տեսած ՄԵՆՔ հիմա, երևի, ափսոսում ենք, որ ընդհանուր միայն անցյալ ունենք: Ես հիմա նաև սեր ունեմ, թեկուզ մեր սիրուց միայն շարֆս է մնացել: Դու, թեև սառույցից էլ սառն ես հիմա, իմ մեռած արևն ես, որովհետև երբ ցրտից դողում էի, դու էիր ինձ կյանք տալիս, քո ձեռքն էի բռնում ու ապշում սիրուս անսահմանությունից: Հրճվանք, սպասում, կարոտ, կիրք, ջերմություն, սեր, սեր, սեր… Քո կողքին ես ես էի, չէ՞… Ես մեր ձմեռն եմ ուզում, որ եղավ կյանքում մի անգամ: Երևի կյանքում լավ բաները հենց կյանքում մի անգամ են լինում… Դու իմ կյանքի մեկանգամյա երջանկություն…