Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:
Ամուսինն ասում է կնոջը.
- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:
Կինը պատասխանում է.
- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:
Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:
- Տեսնո՞ւմ ես, - ասում է, - ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:
Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:
Ամուսինը դիմում է կույրին.
- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:
- Իջնե՞մ, - զարմանում է կույրը: - Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:
Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:
- Հիմա՛ր ամուսինս, ասում է նա:
- Իջի՛ր, խնդրում եմ, - կրկնում է ամուսինը, - քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:
Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:
Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.
- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:
- Ճի՛շտ ես ասում, - պատասխանում է կինը, - գնացի՛նք:
Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.
- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:
Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:
Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:
Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ:Եվ գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, որտեղ սկզբում փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը:
Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի:
Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է:
Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է գլխի ընկնել, թե ով է ստում՝ կարգադրում է.
- Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեք: Ուշադիր հետևեք նրանց, իսկ առավոտյան կզեկուցեք, թե ինչ եք տեսել:
Հրամանն անմիջապես ի կատար է ածվում:
Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն ասում.
- Էշի տեր դարձա, եթե կնոջն էլ տիրանամ, կյանքը իմը կլինի:
Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին:
Կինն անվերջ լալիս է:
Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են: