Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ արյունից,
Որ սնուցում էր բջիջ առ բջիջ
Երկուսիս միջև տաքուկ մեծացած
Այն ջերմությունը, որն ուժ առնելով
Մեր կրակներից այնպես զորացավ,
Որ դարձավ հսկա սիրահարություն,
Բայց սեր չդարձավ,
Որ հիմնավորեր մի մեծ գոյություն,
Այլ մնաց որպես հպանցիկ հրդեհ
Ու կամաց-կամաց մեզնից աննկատ
Երբ ներսից այրվեց,
Մոխրակույտ դարձավ,
Բերեց երկուսիս սիրո վթարի
Ծանր մի տարի…

Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ հավատից,
Որ թավալվում է դեռ մոխրակոլոլ
Հիասթափությամբ,
Ու նրա ամեն-ամեն մի բջիջ
Որպես անցյալի սպառված երազ
Դատարկ աչքի պես նայում է վրաս,
Ցավերով հիշում ինչպես մեր միջև
Տաքացավ այդ օձ ջերմությունը պաղ,
Ու փոխանակ սեր՝ լափող հուր դարձավ,
Ամենուր սփռեց մոխիր ու անթեղ,
Որ հետո այսպես գար ու անհոգի
Վերածվեր սիրո սառնամանիքի
Ու ցրտահարեր երկուսիս մեկտեղ…