Այս վայրկյանին ծերանում եմ մի վայրկյանով,
Այս վայրկյանին դեպի մահն եմ մի քայլ անում,
Այս վայրկյանին գուցե մի նոր ախոյանով
իմ' հների հայտնի շարքն է ավելանում,
Այս վայրկյանին գուցե քամին սանձակոտոր'
հին տնակիս դուռն է ծեծո՛ւմ, վայո՛ւմ, բախո՛ւմ,
Այս վայրկյանին գուցե անհայտ ու սև բոթով,
փոստատարն է իմ հասցեով ճամփան թեքում,
Այս վայրկյանին գուցե մեկը' թունոտ ու չար,
զրպարտում է ինձ նամակով մի անանուն,
Այս վայրկյանին ուրիշ մի տեղ, հավանաբար,
ոտքի տակ են սերս տալիս, ամբաստանում,
Այս վայրկյանին գուցե այնտեղ' սրտիս խորքում,
լուռ ծնվում է իմ քաղցկեղը դարանակալ,
Այս վայրկյանը, ի՞նչ իմանամ,
գուցե թաքուն պատրաստվում է սրտիս վերջի՛ն բաբախը տալ...
Բայց ես գո՛հ եմ, գո՛հ եմ, գո՛հ եմ այս վայրկյանից,
Գոհ եմ' քանի հավերժի մեջ վայրկյանը կա,
Թող սատանան վայրկյան հետո հոգիս տանի,
Եվ դու դառնաս իմ խնդության վերջին վկան:
Եվ դու դառնաս իմ խնդության վերջին վկան,
Մի խնդություն, որ թափվում է ինչպես ջրվեժ,
Այս վայրկյանը, եթե դառնա վերջինն անգամ,
Պետք էր հենց այս մի վայրկյանի համար ծնվել…
Հրաչյա Հովհաննիսյան