Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում: Մանկուց զրկվել է հորից: 1832–38 թթ-ին սովորել է հայտնի հայագետ Հակոբ Շահան-Ջրպետյանի դպրոցում, 1838–40 թթ-ին՝ Արզանյանների, ապա՝ Խաչատուր Աբովյանի մասնավոր պանսիոններում, 1840–46 թթ-ին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1852 թ-ին Սունդուկյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը' թեկնածուի գիտական աստիճանով: Վերադարձել է Թիֆլիս, կարճ ժամանակ պաշտոնավարել Ներսիսյան դպրոցում:
Գաղափարական հայացքների պատճառով 1853 թ-ին փոխարքայի հրամանով նրան արտաքսել են Դերբենդ: 1858 թ-ին ստացել է Թիֆլիս վերադառնալու թույլտվություն և մինչև դարավերջ աշխատել է Կովկասի երկաթուղային վարչությունում՝ որպես տնտեսական մասի ղեկավար:
Սունդուկյանի գրական-թատերական գործունեությունը զուգադիպել է Այսրկովկասում կապիտալիզմի սկզբնավորման, սոցիալ-տնտեսական բարդ ու հակասական ժամանակաշրջանին, որն էլ ճշգրտորեն արտացոլվել է նրա պիեսներում: Նա առաջինն է դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, ներկայացրել հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ ճնշված վիճակի, հայրերի ու որդիների փոխհարաբերության և այլ հարցեր, նախանշել հայ դրամատուրգիայի հետագա առաջընթացի ուղիներ:
Սունդուկյանի առաջին գործը «Գիշերվան սաբրը խեր է» (1863 թ.) վոդևիլն է: Հետագա տարիներին գրել է «Պեպո» (1876 թ.), «Խաթաբալա» (1881 թ.), «Քանդած օջախ» (1882 թ.), «Էլի մեկ զոհ» (1884 թ.), «Ամուսիններ» (1888 թ., գրական լեզվով միակ երկը), «Սեր և ազատություն» (1909 թ.), «Կտակ» (1912 թ.) և այլ կատակերգություններ, «Բաղնըսի բողչա» (1889 թ.), «Օսկան Պետրովիչը էն կինքումը» (1899 թ.), «Եվայլն կամ Նոր Դիոգինես» (1907 թ.) վոդևիլները:
Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն». Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր:
Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան, Կեկել, Գիքո, Կակուլի)' Սունդուկյանը թատրոն է բերել «հալալ» աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ, որոնց համար խիղճը, վեհանձնությունը, բարությունը բարոյական անսակարկելի հատկանիշներ են: Պեպոն, որն իր միջավայրի ծնունդն է, իր խավի հոգեբանության կրողը, որին անհասկանալի են Զիմզիմովի և նրա նմանների անազնիվ արարքները, ի վերջո «դատ» է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ՝ պաշտպանելու իր ոտնահարված արժանապատվությունը, արդարությունն ու ճշմարտությունը:
«Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է և հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի և Նոր Նախիջևանի բարբառի:
Սունդուկյանի մյուս կատակերգությունները նույնպես ունեն սոցիալական մեծ հնչողություն:
«Խաթաբալա» կատակերգության մեջ վաճառական-վաշխառուի՝ Զամբախովի ռեալիստական կերպարով հեղինակը ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, փողի թագավորությունը. ամենուր կեղծիք է ու խաբեություն, ամեն ինչ ապրանք է, այդ թվում՝ մարդը:
«Էլի մեկ զոհ» պիեսի հերոսուհին՝ լուսամիտ, ազնվահոգի, բարեկիրթ մի աղջիկ՝ Անանին, ընդվզում է շրջապատի ու հարազատ ընտանիքի դեմ՝ հանուն ճշմարտության, հանուն իր ու Միքայելի մաքուր և անկեղծ սիրո, սակայն նրա բողոքն անարձագանք է մնում:
«Քանդած օջախ» կատակերգությունը մի ընտանիքի կործանման պատմություն է. Սունդուկյանը ներկայացնում է դաժան մրցակցությունը, որտեղ թույլերը կուլ են գնում ուժեղներին, ժամանակակից ընտանեկան բարքերը, արևմտյան մշակույթն ու ապրելակերպը կապկելու կործանարար հետևանքները, հրապարակ հանում երիտասարդ սերնդի բարոյական անկման ցավոտ խնդիրը:
Արժեքավոր են նաև Սունդուկյանի արձակ գործերը: Միակ՝ «Վարինկի վեչեր» (1877 թ., «Մշակ») պատմվածքում պատկերել է աշխատավոր խավի իրական կյանքը, «Համալի մասլահաթնիրը» (1871–76 թթ., «Մշակ») և «Հադիդի մասլահաթնիրը» (1882–86 թթ., «Արձագանք») հրապարակախոսական-երգիծական ֆելիետոններում շոշափել է հասարակական, սոցիալական ու կենցաղային հարցեր, «Իմ մահն ու թաղումը» (1911 թ., «Մշակ») գործում համերաշխության, եղբայրության ու մարդասիրության կոչ է արել Կովկասի ժողովուրդներին:
Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով:
Սունդուկյանը ճանաչված հասարակական գործիչ էր, հայկական բարեգործական և թատերական ընկերությունների երախտավորներից, եղել է Թիֆլիսի պատվավոր քաղաքացի, Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներից: Նամակագրական կապ է ունեցել Վիկտոր Հյուգոյի, Վիկտորիեն Սարդուի, Ալեքսանդր Դյումա-որդու հետ: Սունդուկյանի պիեսները թարգմանվել ու բեմադրվել են նաև ռուսական, վրացական և այլ թատրոններում (վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը):
Սունդուկյանն ստեղծել է իր՝ սունդուկյանական թատրոնը, որտեղ փայլել են հայ բեմի նշանավոր վարպետներ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Գրիգոր Ավետյանը, Օլգա Գուլազյանը, Ավետ Ավետիսյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը և ուրիշներ:
Սունդուկյանի պիեսների հիման վրա նկարահանվել են «Պեպո» (1935 թ.), «Խաթաբալա» (1971 թ., երկուսն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:
Սունդուկյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում, Երևանի ազգային ակադեմիական թատրոնը, որի բակում տեղադրված են դրամատուրգի կիսանդրին (1972 թ.) և Պեպոյի արձանը (1975 թ., քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան):
«...Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար»:
Հովհաննես Թումանյան