Բա մարդ չգնա որևէ օֆշորային գոտի, դառնա օֆշորահայ գրող կամ օֆշորահայ արվեստագետ ու գա Հայաստան... Վարչապետը գրկաբաց կընդունի, կհետաքրքրվի ստեղծագործական ծրագրերով...
Չէ, բան չունեմ ասելու Գոհար Մարկոսյանի մասին, նրա ,,Պենելոպե,, վեպը կարդացել եմ, հիացած չեմ, սովորական-շարքային գրականություն է, այդ որակի հատկապես կին-գրողներ շատ ունենք, բայց խնդիրն այն է, որ հայաստանյան գրական աշխարհի ներկայացուցիչներին, արվեստագետներին երբեք չընդունող, նրանց ստեղծագործական ծրագրերով, էլ չեմ ասում՝ սոցիալ-կենցաղային հարցերով, երբեք չզբաղվող Տիգրան Սարգսյանն ընդունել է էստոնահայ գրողին... Լավ կլիներ, որ մեկ-մեկ էլ սեփական պատուհանից դուրս նայեր, հետաքրքրվեր, թե ինչ և ինչպես են գրում իր երկրում ապրող գրողները, ինչպես են կարողանում հաց հանապազօրյան վաստակել...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Վարչապետն ընդունել է Էստոնահայ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայում բնակվող հայազգի հայտնի գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին, ով հայրենիք է ժամանել «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելության ծրագրի շրջանակներում: Ողջունելով գրողին' Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք հեղինակություն եք վայելում ընթերցողների շրջանում և մենք բոլորս սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին»:
Էստոնահայ գրողը վարչապետին է ներկայացրել իր նոր վեպի հրատարակման ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են մշակույթի, մասնավորապես, գրական ասպարեզում մեր երկրում առկա վիճակն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում, Էստոնիայում և ողջ աշխարհում արվեստի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին:
Գոհար Մարկոսյան-Կասպերը հայտնի է իր հեղինակած մի շարք վեպերով՝ «Պենելոպե», «Հեղինե», «Կարիատուհիներ» և այլն), պիեսներով ու պատմվածքներով:
Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, էստոներեն և այլ լեզուներով:
Հղումը՝ Մենուա Հարությունյանի և Արա Աբրահամյանի slaq.am