Մեր տունը շատ եմ սիրում, նամանավանդ խաղաղ ու անաղմուկ գիշերները, երբ միայն սոխակների անուշ ծլվլոցն ու դամ պահող ծղրիդների համերգն է լսվում, ինչը երևի աշխարհի միակ աղմուկն է որ լռություն է կոչվում: Ես ուրախ եմ որ քաղաքի աղմուկից հեռացել եմ, այս տարօրինակ լռությունը ինձ հիշեցնում է մեր լավ ժամանակները' պատերազմի տարիները: Նույնիսկ մերթ ընդ մերթ դես ու դեն հաչող շների ձայնը չի խախտում այդ լռությունը: Հա, լավ տարիները, ես սխալմամբ չեմ պատերազմի տարիները լավ անվանել, քանի որ այն համեմատում եմ ներկայի հետ այլ ոչ թե ընդհանրապես: Ընդհանրապես պատերազմը արհավիրք է, Աստված հեռու պահի, բայց էն ինչ հիմա է կատարվում դա անհամեմատ ավելի վատ է: Է՜հ, Վարպետ, ինչի՞ մեռար… Երևի դու էլ էս նույն ձև մտածել: Էն ժամանակ, հույս կար, հավատ, հոգու զարթոնք ու արժանապատվություն, իրական անշահախնդիր սեր դեպի Հայրենիքը, ազգակիցը, ընկերություն կար' արյունով կնքված, լավ ու արժանի ապագայի սպասում, մեռածի համար իսկականից էին լացում, նորածնի կյանքը պայծառ ու գունավոր պատկերացնում, սպասում կար, հաղթանակի շունչ կար, լույս չկար, բայց բոլորի աչքերը լույս էին տալիս, հաց չկար, բայց սոված չէինք, գազ չկար բայց իրարով էինք տաքանում: Հիմա ի՞նչ կա… Ինքնասպանության տարբեր տեսակներ կան, ու հիմնականում ինքնասպաններին վախկոտ են ասում, բայց կա մի ինքնասպանություն որը միայն քաջերն են ընդունակ գործելու, դա արժանապատիվ զինվորական ինքնասպանությունն է, երբ զինվորը ինքնասպան լինելով իր հետ մի քանի թշնամի է էն աշխարհ տանում, կամ երբ դա անում է իր արժանապատվության համար, մեկ էլ գերի չընկնելու պատրվագով: Հրամանատար, Վարպետ, ես քեզ չեմ ճանաչււմ, լսել եմ քո մասին, տեսել նկարներդ, բայց ամենակարևորը կարդացել քո պատմվածքներից մեկը, և դա բավական էր որ ես քեզ դիմեմ, որպես Վարպետի: Երևի «Սոնան» հիմա քեզ կդիմավորի տղերքի հետ միասին, երևի հիմա դու նրանց կպատմե՞ս թե ինչի ժամանակից շուտ գնացիր իրենց մոտ: Չէ, չես պատմի գիտեմ, դու չես ուզենա, որ տղերքը իմանան, որ իրենք իզուր զոհվեցին, որ իրենց ազատագրած ու փրկած Հայրենիքը շուն ու գելի փայ է դարձել, որ շուտով, երևի արդեն շատ շուտով այն կդառնա օճառի պղպջակի նման գեղեցիկ բայց դատարկ ու անկայուն, ու մեկ էլ ճպ, ու չկա: Երևի դա չէիր ուզում տեսնել, որ գնացիր: Չէ Վարպետ իզուր գնացիր, դա էլ գնալ է, ես համաձայն չեմ, բայց դե ով գիտի' երբեք մի ասա երբեք, միգուցե ճիշտն էլ դու էիր: Դժվար է տեսնել ու չխենթանալ, արյունս ջուր է դառնում ցավից ու վախից, իմ Հայրենիքի իմ երեխաների ապագայի մասին մտածելիս: Բա որ մի օր էլ… Չէ՜, դժվար, համ էլ ես կգերադասեմ էն արժանապատիվներից առաջինը' մի խումբ թշնամի էլ հետս էն աշխարհ տանելով… Հեն է շունս էլի հաչաց, էս անգամ թրքահաչ է տալիս, երևի էլի մեկը մուղամը քոքած իր սև ջիփով մեր մոտով անցավ… Աքլորն էլ կանչեց հեռվում, սա էլ գիշերային սիմֆոնիայի մի մաս է կազմում: Քունս չէր տանում, պառկածս տեղը քեզ հետ սկսեցի խոսել, Վարպետ: Հետաքրքիր է խոսեցի հետդ ու մի տեսակ հանգստություն իջավ վրաս: Նույնիսկ էն մուղամ լսող «հայվանին» բանի տեղ չեմ դնի եթե հետ գա էլի' շանս հաչալ տա : Գնամ քնեմ… Դու հավերժ քնեցիր…Ափսոս, շատ ափսոս…