Իրանի Իսլամական Հանրապետությունում երեկ անցկացված նախագահական ընտրություններում Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, առաջին տեղը գրաված (նյութը պատրաստելու պահին ընտրողների 47.46%-ը ստացած) Հասան Ռուհանիի հաջողության գրավականը նախագահի թեկնածուներից Մուհամմադ Ռեզա Արեֆի ինքնաբացարկն էր՝ հօգուտ իրեն, և իր շուրջ նախկին նախագահներ Խաթամիի և Ռաֆսանջանիի համախմբումը, ովքեր հայտարարեցին, որ ամենից լավ Ռուհանին կկարողանա իրականացնել իրենց ծրագրերը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ, պ.գ.թ. Գոհար Իսկանդարյանը:

Վերջինիս խոսքով՝ Ռուհանիին կողմ քվեարկեցին Իրանի այն քաղաքացիները, ովքեր ամենից առաջ ցանկանում էին քվեարկել բարեփոխիչների համար, նրանք, ովքեր ցանկանում էին Ռաֆսանջանիին տեսնել նախագահի դերում, և նրանք ովքեր դժգոհ են Իրանում առկա իրավիճակից:

«Բացի այդ, Ռուհանիի օգտին քվեարկեցին Իրանի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են, որ Իրանն Արևմուտքի հետ գնա բանակցությունների, քանի որ նրա քարոզարշավի մեջ կարմիր թելի նման գնում էր այն գաղափարը, որ Արևմուտքի հետ պետք է բանակցություններ իրականացնել և բանակցությունների միջոցով պետք է նվազեցնել պատժամիջոցների ձևաչափերը: Եվ այսպիսով, կկարողանան Իրանի տնտեսությունը մի փոքր բարելավել»,- ասաց արևելագետը՝ նշելով, որ Ռուհանին ներկայացրել էր Իրանի տնտեսության առողջացման երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հղում անելով իրանցի փորձագետներին, նախագահական աթոռի համար պայքարը կծավալվի բարեփոխումների կողմնակից Ռուհանիի ու պահպանողական թեկնածուներից մեկի միջև, և մասնագետների կարծիքով՝ նրանցից ոչ մեկին չի հաջողվի 50%-ից ավելի ձայն հավաքել, և հարկ է ակնկալել ընտրությունների 2-րդ փուլ։

Հիշեցնենք նաև, որ իրանական 11-րդ նախագահական ընտրապայքարում վերջին պահին մնաց 6 թեկնածու (ավելի քան 680-ից), և նրանք էին՝ Ալի Աքբար Վելայաթին (Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար), Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը (Թեհրանի քաղաքապետ), Մոհսեն Ռեզային (Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար), Հասան Ռուհանին (Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն), Մուհամմադ Ղարազին (Հեռահաղորդակցության նախկին նախարար), Սայիդ Ջալիլին (Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար)։
Հիշեցնենք, որ իշխանությունները դեռևս չեն հաշվել բոլոր քվեաթերթիկները և, եթե Ռուհանին հավաքի 50%-ից ավելի ձայն, ապա երկրի նախագահ կճանաչվի հենց առաջին փուլում։ Ըստ նախնական հաշվարկների 2-րդ տեղում է Թեհրանի քաղաքապետ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը (18.22%), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Իրանի անվտանգության խորհրդի գործող քարտուղար Սայիդ Ջալիլին (14.66%)։

Գոհար Իսկանդարյանը նշեց, որ երկրորդ տեղում հայտնված Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ևս աչքի է ընկել իր գործունեությամբ և Թեհրանում կառուցել է մի շարք հիվանդանոցներ, ճանապարհներ, դպրոցներ: Նա ունի, այսպես ասած, կառուցողի, շինարարի իմիջ:

«Եվ նա խոսք էր տվել, որ Իրանի տնտեսությունը երկու տարում ոտքի կկանգնեցնի, մենեջմենթը նրա մոտ բավականին լավ է։ Եվ նրա կողմը հիմնականում Թեհրանն է, Թեհրանի մեծամասնությունը վստահաբար քվեարկել է նրա օգտին: Թեև պետք է նաև նշել, որ Ղալիբաֆին հատկապես կողմ է քվեարկում երիտասարդությունը, ում հարցերի վրա այս թեկնածուն իր ուշադրությունը սևեռում է, հատկապես՝ աշխատանքի տեղավորման, և այլն»,- նկատեց իրանագետը:

Ի պատասխան հարցի, թե Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի, և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախապատվությունները, թեկնածուներից ո՞րի կողմն են, Գոհար Իսկանդարյանն ասաց, որ նրան, ում Մահմուդ Ահմադինեժադը ցանկանում էր նախագահ տեսնել, նույնիսկ թույլ չտվեցին նախագահի թեկնածու դառնալ:

Իսկ հոգևոր առաջնորդը, ըստ իրանագետի՝ առաջին և երկրորդ տեղերում հայտնված թեկնածուների պարագայում, թերևս ավելի շատ կցանկանար տեսնել Ղալիբաֆին:

«Բայց իմ խորին համոզմամբ այս պահին այլ իրավիճակ է, քանի որ հոգևոր առաջնորդը շատ ավելի մեծ նախապատվություն էր տալիս երրորդ տեղը գրաված Ջալիլիին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ իրանական ընտրություններին միջազգային դիտորդներ չեն լինում: Ի պատասխան հարցի, թե տեսաբաններն ինչպես են որոշում՝ դրանք ժողովրդավարակա՞ն են, թե ոչ, Գոհար Իսկանդարյանը նշեց, որ որպես կանոն, հենվում են իրանական կամ արտասահմանյան նյութերի վրա:

Հիշեցնենք, որ 2009-ին վերջնական քվեներով հաղթեց Ահմադինեժադը:

«Խախտումներ կլինեն և հիշենք, որ 2009-ին, որտեղ բացահայտվել են դրանք, այդ արկղերը համարվել են անվավեր և նոր քվեարկություն է անցկացվել»,- ասաց իրանագետը:

Հիշեցնենք, որ հարևան երկրում գործադիր իշխանության ղեկավարը երկրի հոգևոր առաջնորդից հետո զբաղեցնում է 2-րդ տեղը:

Թերևս այս հանգամանքն ի նկատի ունենալով, հայ-իրանական հարաբերությունների համատեքստում իրանագետն ընդհանրապես բացառում է արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությունը:

«Քանի որ այն որոշում է հոգևոր դասը՝ հոգևոր առաջնորդի գլխավորությամբ և իրականացվում Արտաքին գործերի նախարարության միջոցով, բնականաբար, նախագահի գիտությամբ և ուղղորդմամբ, բայց մնում է նույնը, քանի որ դա կազմակերպվել, մշակվել է հոգևոր դասի կողմից»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:
Լուսանկարը՝ ankakh.am-ի