Հունիսի 15-ը պետական խորհրդանիշների օրն է: Հայաստանի պետական խորհրդանիշներն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը:

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 24-ին, իսկ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» նոր օրենքը' Ազգային ժողովը 2006թ. հունիսի 15-ին: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է' վերեւից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունել է Գերագույն խորհուրդը 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» նոր օրենքն ընդունել է Ազգային ժողովը 2006թ. հունիսի 15-ին:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը' «Մեր հայրենիք»: «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն ընդունել է Ազգային ժողովը 2006թ. դեկտեմբերի 25-ին:

Աղբյուրը' CivilNet.TV
Լուսանկարը' Photolure News Agency-ի