Գրկախառնված ենք մենք փոքրիկ լճակի ափի երկայնքով ձգվող ծառերի ներքո, հողմը գալարաձև պտտում է գետնին սփռված խաշամը մեր շուրջը՝ վարագուրելով մեր չորսկողմը: Մենք, երկնային այդ երանելի զգացմունքով համակված, հետզհետե թեթևանում, կտրվում ենք գետնից, բարձրանում վեր: Եթերային ելևէջները մեղմորեն սկսում են օրորել մեզ ՝ այդտեղ հայտնված օտարներիս, ինչպես ծովն է օրորում պատահական հայտնված լաստանավին, ապա զրկվում ենք մեր մարմիններից, ինքներս դառնում զգացմունք, ձուլվում եթերի մեջ:

Տիեզերքը լցվում է մեզանով, մենք՝ լցվում տիեզերքով ու տարածվում նրա մեջ, ինչպես ծաղիկների բույրն է տարածվում մթնոլորտում: Տարածվում ենք այնքան մինչև ընդգրկենք ամբողջ տիեզերքը և վարակենք այն մեր զգացմունքով. սկսած երկու թիթեռներից ամենքը համակվում են նրանով, անգամ մոլորակներ ու գալակտիկաներ են սիրահարվում միմյանց, համակվելով մեզանով:

Եվ այսուհետ հավերժ ու անբաժան ենք մենք, ժամանակն ու տարածությունը չեն սպառնում մեզ, նրանք իրենք ենթարկվում են մեզ, քանի որ մենք ամեն ինչ ենք, ամենուր, ամեն տեղ. մեզանով են լցված մթնոլորտը և արևի ճառագայթները, ձյան փաթիլներն ու անձրևի կաթիլները, մեզանով լցված ծաղկում են ծաղիկները ու իրենց խաղը խաղում թիթեռները, մենք ինքներս արդեն կյանքն ենք, տիեզերքը, այժմ մենք կատարյալ ենք, քանի որ մասն ենք տիեզերքի, իսկ տիեզերքը կատարյալ է, քանի որ չկա որևէ այլ բան նրանից դուրս, նրանից զատ, որ համեմատվի իր հետ, նա ինքն ամեն ինչ է: Շնորհակալ եմ Աստծուն, որ արարել է քեզ…. Շնորհակալ եմ քեզ, որ հայտնվելու ես իմ կյանքում...