Դարձիր մեջքով, շրջվիր և ինձ երկու բառ կմնա ապրելու: Թիկունքվիր ինձ, ճկվիր, որ տեսնեմ մեջքիդ բարակ գիծը, որ իր մեջ պահում է ողնաշարիդ ամրությունը: Քանոնի լարի պես նուրբ իջիր մեկ աջ, մեկ ձախ, որ ստուգեմ իրանիդ երազային փափկությունը: Թող էլի ու էլի, շարունակ հպարտանամ քեզնով, գլուխս բարձր մնա ամբոխի մեջ, ինձ գոռոզ կանչեն, ինքնահավան, նարցիս կոչեն, բայց թող հպարտանամ քեզնով:
Ես քո մեջ արվեստը ճանաչեցի, ծղոտե արվեստը, երբ մեջը դատարկ է լինում, գիտես, բայց ամուր հյուսված, որ չես կարող քանդել, թեկուզ եթե մի թել հանես, ոչինչ չի խախտվի կամ լավագույն դեպքում ամեն անգամ մի թել հանելն էլ բավ է ողջ կյանքի համար, մինչև ծղոտը սպառվի:
Ես քեզանից տրոփյուն դարձա, որ ձնագնդի պես բարձունքից իջնելիս մեծանում է, կուտակվում, հետո վազքից հանգստանում, հալվում: Ես սրբացնելուն հավասար քեզ արդարացրեցի սրտիս, սիրուս ու մորս առաջ, ես չարությամբ լցվեցի նրանց հանդեպ, ով չարախոսեց քեզ, ով տարակուսեց իմ ընտրության առաջ: Նրանք չգիտեն, որ ես հպարտանում եմ քեզնով, որովհետև նրանք քեզ չգիտեն:
Ես թարթիչներիս մեջ պահեցի քո զգայունությունը ու թարթիչաներկի մի ամբողջ տուփ դատարկեցի թարթիչներիս, որ լաց լինելիս չկորչի արագ, երկար պահպանվի, թեկուզ սևացած, փնթի:
Երբ անծանոթը պարի համար ձեռքը մեկնեց հրավերի, ես նրա ամուր մատների փոխարեն տեսա քոնը՝ ծղոտե, ու չարացա նրա համարձակությունից, չարացա քո բացակայությունից:
Ու ես սովորեցի քո արվեստը՝ չներելու, մանրանալու, վրեժխնդրությամբ լցվելու, պատժելու, ինձ պատուհաններիս առաջ պահակելու, ինձ տամուկ-գրիչ դարձնելու, բայց և քեզ սիրելու, ինձ դաստիարակելու, հնազանդեցնելու, ենթարկելու, քեզ շնորհակալ լինելու արվեստը:
Հիմա դու շրջվում ես ինձ, որովհետև երբ գնում են, մեջքն են պարզում մնացողին: Դու գնում ես, չգիտեմ, իսկ ես չգիտեմ ներսիդ փոթորիկները, ես այդպես հեռատես չեմ, իրականում միամիտ, որ հեռատես չլինելուս պատճառով չէի հասկացել, որ գնալու ես: Իսկ դու ամենասկզբից գիտեիր, որ գնալու ես: Բայց թող գոհունակությամբ լցվեմ այն մտքից, որ երբ ուրիշը քո սերը հավաքում է սավաններից, դու քեզ կեղտոտ ես զգում: Ու թող հույսերս հյուսվեն, թեկուզ ծղոտե, այն մտքից, որ դու շուրթերդ չես ապականում:
Դարձիր մեջքով, շրջվիր, և ինձ երկու բառ կմնա ապրելու... անմտածող ուժեղս: