
Բռավո՛, տղաներ, մենք բոլորս հպարտ ենք ձեզանով: Մայիսի 16-ի ձեր ելույթը մշտապես կմնա մեր հուշերում որպես վառ մի տոն: Շնորհակալություն այն գերագույն բավականության և ոգևորության համար, որը պարգևեցիք մեզ բոլորիս ձեր հիանալի ու վառ ելույթով: Սա Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության ամբողջ ընթացքում, թերևս, ամենաեվրոպական ելույթն էր, որը եվրոպացուն լիովին ընկալելի էր: Երգում արծարծվող համամարդկային, համամոլորակային և բնապահպանական թեման, խմբի երաժշտական ժանրն իրենց բարերար ազդեցությունն ունեցան քվեարկության ելքի վրա: Գոռի հատուկ ու անկրկնելի ձայնը, խմբի հիանալի կատարումը և ազատությունը, որը տիրում էր նրանց ներսում ու մեր սրտերում ուղղակի մարդու հոգի էր փառավորում: Շնորհակալություն այդ ազատության զգացողության համար, տղանե՛ր: Շնորհակալություն Երկիր մոլորակի ձայնը բարձրացնելու համար: Շնորհակալություն այն վստահության և ոգևորության համար, որով համակվեցինք բոլորս մայիսի 16-ի երեկոյան: Բռավո՛, ապրե՛ք դուք, սրտանց շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս: Հաջողությունը կիսաեզրափակչում սպասելի էր, այդպես էլ պետք է լիներ, քանի որ տղաներն իրապես արժանի էին: Հիանալի ելույթ էր, մաքուր, անվրեպ, վստահ, հստակ, տպավորիչ: Վստահ եմ, որ «Դորիանսը» իր արժանի մասնակցությունը կունենա նաև մրցույթի եզրափակչում՝ իր ուրույն գույնը բերելով երգի այս մրցույթի ներկապնակին: Մենք ձեր բոլորի հետ ենք, աղոթում ենք ձեր հաջողության համար: Դուք ստիպեցիք մեզ հավատալ, որ մենք կարող ենք անգամ հաղթել այս մրցույթում: Ես վստահ եմ, որ եզրափակչում մեր ելույթը դարձյալ լինելու է գեղեցիկ, հաջող ու դիտարժան, իսկ արդյունքների մասին մնում է միայն հուսալ՝ աղոթելով մեր հայրենակիցների հաջողության համար: Եվրատեսիլը մի ուրույն հարթակ է, որտեղ ներկայացվում է մեր երկիրը: «Դորիանսի» շնորհիվ «Հայաստան» անունը հնչեց հիացմունքով, հարգանքով և ակնածանքով: Ինչպես ասվում է երգի խոսքերում (տես ներքևում)՝ «Մենավոր մոլորակ, մենք արե՛լ ենք դա»: Այո՛, տղաներ, դուք արեցի՛ք դա:
Սիրելի բարեկամներ, ամբողջ այս ընթացքում, գրեթե մեկ ամիս, ես յուրահատուկ սատարող ակցիա իրականացրեցի իմ բլոգում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, լրատվական ու ժամանցային կայքերում, «Դորիանսի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դորիանսի» բոլոր երկրպագուներին Հայաստանում, որոնք շատ սատարում են խմբին: Հատկապես իմ խորին շնորհակալությունը և երախտագիտությունն եմ հայտնում օտարազգի բազմահազար ընթերցողներիս, ովքեր արձագանքեցին իմ կոչին և սատարեցին «Դորիանսին» իրենց քվեարկությամբ: Ես էլ փորձեցի աջակցել ձեր երկրների հրաշալի կատարողներին: Խնդրում եմ աջակցեք «Դորիանսին» ձեր կարևոր քվեարկությամբ, շաբաթ օրը' մայիսի 18-ին, Եվրատեսիլի եզրափակչում: Եկեք լսելի դարձնենք մոլորակի ձայնը համայն մարդկությանը, որպեսզի այն այլևս միայնակ չլինի:
© Առլեն Շահվերդյան, 17.05.2013