Ես ու Բիլին ապրում էինք ամերիկյան մի փոքրիկ գյուղաքաղաքում՝ խրճիթ հիշեցնող շարժական վագոն-տնակում, որ Բիլին ձեռք էր բերել թղթախաղի հերթական, բայց միակ հաղթանակի ժամանակ: Այո, ես բարձրաձայն խոստովանում եմ ինքս ինձ ( ընդ որում առաջին անգամ), որ Բիլին թղթախաղի իսկական մոլագար էր, որ ծայրաստիճան անհաջողակ էր ու թեև տանուլ էր տալիս, բայց չէր հրաժարվում խաղալու մտքից, որ իր անվերջ պարտություններից հետո կարողացել էր գոնե մի անգամ հաղթանակ տոնել ու աչքս մտցնել իր ձեռքբերումը՝ վագոն-տնակը, որով մենք տեղափոխվում էինք տեղից տեղ: Մի վայրում այնքան էինք մնում, մինչև պարտքատերերը սկսում էին անհանգստացնել, իսկ Բիլին գտել էր նրանցից խուսափելու հեշտ տարբերակը, գիշերով փախչում էինք՝ քշելով մեր միակ ունեցվածքը՝ տնակը, ուր պատահեր, որը բառացիորեն գրեթե դատարկ էր: Մի կլոր սեղան՝ երկու կիսակոտրած աթոռով, փոքր սառնարան, ուր հազվադեպ կարելի էր գտնել կարգին ուտելիք, կիսամաշ մի մահճակալ և այդքանը:
Մեր ամուսնության առաջին տարին մենք ապրում էինք Բիլիի ծնողների հետ, բայց նրա անգործ ու մշտապես կիսահարբած վիճակը աստիճանաբար հոգնեցրեց, մինչև որ հայրը մեզ վռնդեց տնից: Բիլի երբեք էլ չէր սիրել աշխատել ու ազնվորեն չէր թաքցնում դա: Ես գիտեի նրա այդ սովորության մասին նույնիսկ ամուսնությունից առաջ:
Իր կյանքում Բիլին հպարտանում էր երեք բանով՝ արծաթե կրակայրիչով՝ պապից ժառանգություն մնացած, իր «արդար վաստակով»՝ վագոն-տնակով և գեղեցկուհի կնոջով, ինչպես ինքն էր սիրում ասել: Նա վստահ էր, որ իրեն այդքանն էլ բավական է երջանիկ լինելու համար: Ես չէի կշտամբում Բիլիին մեր չքավորության, քաղցի ու կարիքի համար: Օրվա ընթացքում մենք սնվում էինք սև հացով, նարինջ հիշեցնող ցիտրուսային մրգով, որ կարելի էր անվերջ քաղել մոտակա ծառերից, գարեջրով, որի համար Բիլին միշտ փող հայթայթում էր: Ավելի ճիշտ կլինի ասել՝ եղածը տալիս էր միայն գարեջրին: Իսկ հագուստ. իմ հագի կարճափեշ չթե սպիտակ շորը պաշտում էր Բիլին, միակ շորը, իհարկե, որովհետև, երբ որոշում էի այն լվանալ, ստիպված էի մի քանի ժամ շրջել սրբիչով, մինչև կչորանար: Մի խոսքով, երբ կյանքս վերլուծում էի, կամ աշխարհից կտրված այդ գյուղի կեղտոտ օդն էի շնչում, կամ երբ կիսաքաղց ստամոքսս հիշեցնում էր իր մասին, կամ երբ գիշերները տեսնում էի՝ ինչպես Բիլին տնակից դուրս էր գալիս թթված դեմքով՝ պարտքատերերի սպառնալից զանգերին ինձնից թաքուն պատասխանելու համար, կամ թե ինչպիսի երազանքով էի անցնում մսի կրպակի կողքով, այս ամենից հետո ես պիտի, նույնիսկ պարտավոր էի ատել Բիլիին իր այդքան ցնորամիտ ու պարզապես աղբ-տղամարդ լինելու համար: Բայց Բիլիս...
Իմ Բիլին...
Ինձ թվում էր՝ ես ողջ կյանքում երազել եմ Բիլիի պես տղամարդ ունենալ կողքիս: Նա ամրակազմ էր, թեև ոչ մկանոտ: Ասենք՝ ինձ երբեք էլ դուր չեն եկել «նկարած» մկաններով տղամարդիկ: Երբեմն Բիլիի անտարբերությունն ու անպատասխանատվությունը իմ ու իր կյանքի հանդեպ հասցնում էր զայրույթս խելագարության աստիճանի, բայց բավական էր թեկուզ սանտիմետրի հեռավորության վրա զգայի նրա հոտը, ես նվաղում էի ամենահնազանդի պես ու զգում էի, որ կապվածությունս ու կախվածությունս ինձնից ու ամեն ինչից վեր է: Թեև հաճախ էր նրանից փչող գարեջրի հոտը զզվանք առաջացնում մոտս.գիտեր, այդպիսի պահերի չէր մոտենում ինձ:
Ես չգիտեմ՝ ինչն էր ինձ պահում Բիլիի կողքին, նա ինքն էլ հերթական կեղտոտ վեճի ժամանակ շպրտեց այդ հարցը երեսիս: Տարիների ընթացքում հասկացա, որ չեմ կարող առանց հոտի... Բիլիի հոտի...
Սովից չմեռնելու համար ես սկսեցի խաբել տեղի հիմար ու միամիտ բնակիչներին՝ խաղաքարտերով նրանց համար գուշակություններ անելով: Նախօրոք տեղեկություն էի հավաքում նրանց կյանքի մասին ու հերթական «սեանսի» ժամանակ զարմացնում էի իմ «կարողություններով»: Բիլիից թաքուն էի գործում, հերիք է իմանար՝ փող ունեմ, կորած էի: Առաջին մի քանի օրը հարցուփորձ արեց սեղանին հայտնված ճոխ ընթրիքի համար, հետո լռեց՝ չխորանալով մանրամասների մեջ:
Մի օր Բիլին տուն մտավ անասելի կատաղած, ես նրան երբեք չէի տեսել այդ վիճակում, անզորությունից դեմքն էր ճանկռում: Պարտքատերերից մեկը բռնացրել էր ճանապարհին ու սպառնացել էր սպանել եթե պարտքը չվերադարձնի: Ի վերջո բռնի ուժով խլել էր Բիլիի կրակայրիչը:
- Բավական է, Բիլի, կանգ առ, նրանք մի օր քեզ կսպանեն, Բիլի...
- Չես հասկանում, ես կորցրեցի իմ կյանքի կարևոր բաներից մեկը:
- Եթե այսպես շարունակես, դու ինձ էլ կկորցնես,- կոկորդովս մեկ գոռացի ես:
- Լռիր, չհամարձակվես մեկ էլ կրկնել,- առաջին անգամ Բիլին խփեց ինձ:
Վայրկյաններ անց զգացի, որ շնչահեղձ էի լինում. խեղդում էր ինձ:
- Բիլի, թող, ես կատակում էի, թող, խնդրում եմ...
Բիլին մի շաբաթ չերևաց. էլ որտեղ չփնտրեցի նրան:
Օտարի բղավոցից բաժակը ընկավ ձեռքիցս, մեկը գոռալով ինձ էր կանչում: Դուրս վազեցի:
- Նա ընկած է ճանապարհին, երևի կրակել են:
Չեմ հիշում՝ ոնց հասա Բիլիի մոտ, անտեր շան պես շպրտված էր ճանապարհի կենտրոնում, անխնա ծեծելուց հետո բերել-թողել էին, ու միայն Աստծուն է հայտնի՝ քանի օր էր մնացել արնաքամ: Երբ հասա, Բիլին դեռ շնչում էր:
- Բիլի, Բիլի, որտեղ էիր, այս ինչ են արել անխիղճները...
Դժվարությամբ բացեց աչքերը, կոտրվածքները թույլ չէի տալիս շարժվել:
- Կներես, որ խփեցի, չէի ուզում կորցնեի քեզ, թռչնակս: Տնակի դռան ճեղքի մեջ կնայես, մի երկու տարվա հավաքած փող կա, կներես, որ այսքան տարի քեզ վատ եմ պահել, փող էի հավաքում, որ քո երազած տունը առնեի, որ հետո ուրիշ մարդ դառնայի՝ քեզ արժանի, լավը: Կարճ ասած փողը կհանես, կփախնես հեռու ու մի հանգիստ քաղաքում տուն կառնես, հաստատ կհերիքի... Բայց ոնց եմ սիրում քեզ, թռչնակս...