Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։
— Ով ծերունի,— ասում է թագավորը,— ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր–վաղը գնալու ես։
— Թագավո՛ր,— պատասխանում է ծերունին,— մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:
— Տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորն իր ենթականերին,— որովհետև բարի ու լավախոհ մարդ է:
Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։
— Ինչո՞ւ գոհ եղար,— հարցնում է թագավորը։
— Որովհետև,— պատասխանում է ծերունին,— ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։
— Դարձյալ տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորը:
Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը:
— Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,— հարցնում է արքան։
— Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։