(պատմվածք)

Այդ օրը դու արթնացար սովորականից մտազբաղ, ես ուշադրություն չդարձրի. վաղուց էլ չէի ապրում քո մտահոգություններով: Ես իմիջայլոց սեղանին դրեցի քո հյութը, մրգային աղցանը, սուրճը ու մտա լոգարան' ինձ կարգի բերելու' քթիս տակ քո սիրելի երգը մռմռալով: Հետո, ավելի ուշ պիտի նկատեի, որ ոչինչ չէիր կերել, անգամ սուրճից մի կում էիր խմել: (Հիմա սրանք մանրամասներ են, որոնք քայլ առ քայլ դասավորում եմ' փորձելով հիշել այդ օրը սկզբից մինչև ավարտը):
Երբ լոգարանից դուրս եկա, դու պատուհանից երկնքին էիր նայում. պետք է, ես պետք է կռահեի, որ դու անհանգիստ ես, միգուցե' տխուր: Այնինչ ես, քո' վերջերս գնած զգեստն էի փորձում հայելու առաջ ու ինքնագոհ ժպիտով մտածում, որ այսօր էլի աշխատավայրում նախանձից մեռնողներ կլինեն: Դու մերթընդմերթ ժամն էիր ստուգում. ինձ թվում է' եթե կողքիդ լինեի, կզգայի սրտիդ անկանոն բաբախը: Ես անգամ չսպասեցի մինչ դու օդանավակայան գնայիր, շտապեցի աշխատանքի' վերջին <> ասելով քեզ ճանապարհից, հեռախոսով: Իսկ ես կարող էի, իսկապես կարող էի գրկել քեզ, հրաժեշտ տալ ու ասել, որ անհամբեր սպասելու եմ, ու կարևոր չէ' քանի օրով ես բացակայելու: Բայց դու ընդամենը լսեցիր.<< Խոստացած պայուսակդ չմոռանաս, ու որ անպայման թանկարժեք կաշվից լինի, լա°վ>>:
...Ինձ ասացին, որ թռիչքը հետաձգել էին ուղևորի ուշացման պատճառով, հետո պատմեցին վթարի մանրամասները, թե ինչպես ես դատարկ ճամփի մեջտեղում կորցրել ինքնակառավարումդ. հետո էլ ոչինչ չեմ հիշում...

Ոստիկանական տեղամասում ինձ փոխանցեցին իրերդ, որոնք գրկած, երկու օր քնել եմ' ինքս ինձ մոռացած, ասես վերջին ժամանակներս կարգին չէի քնել:
Դու զգացել ես երևի, որ էլ չես վերադառնալու, իսկ ես չեմ հասկացել: Ու մի°թե պիտի կորցնեի քեզ, որ այդժամ հասկանայի' որքան եմ սիրում: Հիմա կարոտիդ օգնությամբ քանդակում եմ ամեն ժամս առանց քեզ: Սիրում եմ, սիրում եմ, լսու°մ ես, որտեղ էլ որ լինես, սիրում եմ քեզ: Եթե հիմա լինեիր, չէի թողնի, որ գնայիր գործուղման, անգամ եթե բարկանայիր, վիճեիր: Ամուր կգրկեի, անգամ եթե ասեիր, որ շունչդ կտրվում է իմ հպումից, անգամ եթե ինձ հետ վանեիր, ես քեզ վայրկյան չէի թողնի, անգամ եթե հոգնեիր իմ ներկայությունից: Սև նոթատետրիցդ օծանելիքիդ բույրն եմ առնում ամեն գիշեր, երբ կարդում եմ գրառումներդ, որոնք առանձնության ժամերիդ նշել ես, այնինչ այդ րոպեներին ես ժամանակս սպանել եմ ընկերուհիներիս հետ:
Ես չհասցրեցի ասել քեզ, որ դու ամենամեծ պարգևն ես եղել, որ Աստված կարող էր տալ ինձ, որ քեզ կորցնելով, ինձ այլևս ոչինչ չի մնում կորցնելու, որ....Եթե լինեիր, առավոտները սուրճս քեզ հետ կխմեի ու չէի անհանգստանա, որ աշխատանքից եմ ուշանում... միայն թե լինեիր:
Ինձ էլ պայուսակ պետք չէ, անգամ ամենաթանկարժեքը, ատում եմ աշխարհի բոլոր պայուսակները....>>

Հ.Գ. Ես իրոք չգիտեմ' ինչպես խեղդեմ ներսից ինձ խեղդող զգացումը. ու մի°թե պիտի կորցնեի քեզ, որ այդժամ հասկանայի' որքան եմ սիրում...