«Ընկեր Գալուստը»
Մինչև նախագահը դաշտից վերադառնար խորհրդի գրասենյակը, Էյվազանց Սահակը առաջարկեց գնալ իրենց տուն:
— Ես Մուխանի երիշը գիտեմ… Երկու սհաթից անջախ հասնի:
Սահակին ես վաղուց գիտեմ: Խորհրդայնացումից հետո, երբ առաջին անգամ նրանց գյուղը վիկի սերմ տարանք փորձելու, ոչ ոք չմոտեցավ: Միայն Սահակը սիրտ արեց, իր հողամասը տվեց: Սիրտ արեց և իր լայն սրտի չափ էլ առատ բերք հավաքեց: Հիմա էդ խոտը նրանց գյուղում տարածվել է. շատերը վիկ չեն ասում, այլ է Էյվազանց Սահակի խոտ:
Նա եղել է Գերմանիայում գերի: Շատ բաներ է տեսել, շատ երկրներ ոտնատակ տվել, տեսել է, թե ուրիշ կողմերում ինչպես են ապրում գյուղացիները և հենց վերադարձել է իրենց գյուղը, հիասթափվել է:
Բայց թողնենք, որ ինքն ասի էն խոսքերը, ինչ որ ասել է գյուղ գալու առաջին տարին:
— Մեր հողերը ոսկի են, մենք չենք հասկանում նրանց լեզուն: Մի սոմար որ սերմում ենք, հինգը հավաքում, էդ հո հաշվում ենք առատություն, իսկ եթե բանը հաջողվեց, և վեց սոմար ստացանք, բերքը գլխակեր է, սրա մեջ փորձանք կա, կռիվ, պատերազմ պիտի լինի: Այ թե ինչ են ասում, եթե մի քիչ լավ բերք են ստանում: Ինչո՞ւ, ախպեր. ինչո՞ւ իմ տեսած տեղերը սոմարին տասն էլ են ստանում, տասնհինգ էլ… Մեր գյուղում որ մաճկալին հարցնես, կասի, թե հողի լեզուն էնպես է հասկանում, որ էլ դենը չկա: Բայց եկ տես, որ նա հողը վարում է էնպես, ինչպես իր պապերը և նրանց պապերը:
Էսպես խոսքեր էր ասել Սահակը գյուղացիներին. որը համաձայնել էր նրան, որը կասկածել, մեծ մասն էլ ասել՝ թե Սահակի ասածը գերմանու հողում կլինի, մերում՝ ոչ:
— Ինչո՞ւ, — բարկանում էր Սահակը:
— Էնպես: Էդ էլ մեր երկրի շնորհքն է… Մինչև հիմա, որ չենք տեսել, այսուհետ էլ, Սահակ, տեսնենք սավետական կառավարությունը ինչ շնորհք ցույց կտա:
Էդ տարին էլ տարել էի վիկի սերմը: Հետո երկու շարքացան ուղարկեցինք, վերջը՝ սերմզտիչը: Էս մեքենաները տեղ արին, որ տրակտոր մտնի:
Սահակին էդ առիթով էի ճանաչել: Մենք իրար հասկանում էինք: Մի քանի անգամ նա էր եկել ինձ մոտ. էն կողմերը լինելուց ես աշխատում էի ինձ գցել էն գյուղը, Սահակին տեսնել: Երբեմն հուսահատվում էր, դառնացած գանգատվում, թե բան չի դուրս գալու, էսպես խավար ապրել են, էդպես էլ խավարի մեջ կկորչեն:
Նրան համոզում էի, հուսադրում: Էն առաջին տարիները գյուղում դեռ բջիջ չկար: Միակ կուսակցականը Միխայելն էր, որ և՜ նախագահ էր, և՜ հողբաժին, և՜ զագսի գործերն էր տանում, և՜ սերմացու բաժանում:
Մի տարի հետո նորերն եկան, հոտաղ, բատրակ երիտասարդներ մտան կոմսոմոլի մեջ, բջիջը մեծացավ, աշխատանքները շատացան: Էդ տարիներում մի կարգին դպրոց շինեցին, քանդված, խափան ճանապարհներ կային՝ նորոգեցին, մեծացրին: Ամեն տարի գյուղ գնալուց նկատում էի, որ մի բան էլ են ավելացրել, նոր սերունդը կամաց կամաց դուրս էր գալիս և իրեն հետ տանում գյուղի ամենալավ տարրը դեպի նոր կյանք, նոր գյուղ:
Երեք տարի առաջ մի փոքրիկ կոլեկտիվ էին կազմել: Սահակն էլ էր մեջը: Ինչպես ասում են՝ իրար բռնելով, իրար օգնելով, դժվարություններ հաղթելով, ուժեղ աշխատանք էին տանում նոր կյանք, կոլեկտիվ կյանք ստեղծելու:
Վերջի տարիները Սահակին չէի տեսել: Հեռվից հեռու լսում էի նրանց աշխատանքը, երբեմն էլ «Մաճկալում» պատահում էի թղթակցությունների, գրված նրանց գյուղից, նրանց կոլեկտիվից:
Էս գարնանը գործս ընկավ նրանց կողմերը: Խորհուրդի դռան առաջ կանգնել էի, մեկ էլ տեսնեմ ներքի ճանապարհով դեպի ինձ է գալիս Սահակը: Քեֆ հալ հարցրեց և տեղեկանալով, որ կատարածուն ուղարկել եմ նախագահի ետևից, նեղացավ, որ իրենց տունը չեմ գնացել:
— Ինչ է, կոլեկտիվ ենք մտել, գուցե կարծես, թե ղոնաղ չենք ընդունում...Արի՜, արի գնանք հիմա առաջվանից սրտաբաց կընդունեմ:
Նրա տունը գյուղի ծայրին է: Վերջին տարիները նոր տնատեղեր այդ մասում են բաժանել: Արդեն կառուցված են 10-20 նոր տուն, պլանով, լայն փողոցի երկու կողմը:
Մենք ներս մտանք սրահը: Գերանի վրա նրա երեխան նստել էր, գլուխը կախել գրքի վրա: Մեզ տեսնելուց նա վեր կացավ, ապա տեղը փոխեց և շարունակեց ընթերցանությունը: Սահակի կինը արևի տակ չորացնում էր մանր, դեղին սերմեր, որ փռել էր առանձին թերթերի վրա:
— Էս ի՞նչ է, Սահակ, — զարմացած հարցրի ես: Սերմերն անծանոթ էին:
— Սա դեղին յոնջի սերմեր են: Խալխը ցանում է, յոնջից շատ բերք ստանում, մեր տեղը սրան ասում են իշու յոնջա: Հերու սերմացու եմ հավաքել: Էս տարի ապառաժ տեղերը պիտի ցանեմ...լավ խոտ կլինի՛, — և մատների մեջ տրորեց տաքացած սերմերը:
— Սահակ, էլի էն բաները չես մոռացե՞լ... — հարցրի ես: «Էն բաները» օտար երկրներում տեսած արդյունավետ բույսերն ու մեքենաներն էին:
— «Էն բաների» ժամանակը հենց հիմա է...Էնպես խոտեր ցանի կոլեկտիվը: Էս ապառաժները դարձնի ծաղկած դրախտ:
— Հա՜ , դու էդպես ասա...Մատներս տարավ էս անտերը, — դժգոհեց կինը, մեկնելով ձեռքը, որի մատները ծակծկել էր չոր ցողունը:
— Անխե՜լք, դու էլ փալասի մեջ փաթաթած տրորի, — պատասխանեց Սահակը, — վե՜ր, վեր բան-ման շինի...
— Սահակ, կուշանանք...
— Մուխանի երիշը ես գիտեմ...Արևը չթեքվի, չի գալու: Էն վերի հանդում նոր հողեր են ձևում: — Եվ կոճղը տակը դնելով, շարունակեց կնոջ թերի աշխատանքը:
— Իզուր աշխատանք է, բայց ինչ արած...
— Ի՞նչը, — հարցրի ես: Կարծեցի, թե խոսքը սերմերի մասին է:
— Մուխանի արածը: Կոլեկտիվը վերի հանդումն էլ հող ունի, արանքումը անհատական հողեր են...Հիմա նրանց ուրիշ տեղ են տալիս...Ասա վաղ թե ուշ մտնելու ենք կոլեկտիվ, էլ ինչո՞ւ զուր աշխատանք եք անել տալիս:
Սահակը լռեց: Նա ճաքճքած, եղունգները ճոթռած մատներով մեկ-մեկ ջոկում, դեն էր գցում մոլախոտի փշոտ սերմերը: Ապա գլուխը բարձրացնելով նայեց ինձ.
— Այ, էսպես է հիմա...Ջոկում ենք, խախալում...դժվար է, ինչ արած...Հեշտ բան չկա: Հազար տարվա տեսածը շուռ է գալիս, փոխվում, իհարկե, սրտները մի քիչ կպղտորվի: Բայց էդ էլ իմացիր, որ ջուրը մինչև չպղտորվի, չի պարզվի: Հիմա ջուրը զուլալվում է...
Մեր զրույցը դարձավ կոլեկտիվի շուրջը:
— Նոր-նոր տեսնում են կոլեկտիվի օգուտը: Քանի տեսնում են, էնքան շատ են գալիս, սիրտները տաքանում է: Էս քանի օրը տասը դիմում ընդունեցինք: Առավոտս գնացել էի Նռնաձորի բաղերը. առու էինք հանում: Վերջացրինք, գալիս էի, Չետանց Առստամ ենք ասում, հերու ձմեռը ձենը գլուխն էր գցել, գոռում էր կոլեկտիվի հակառակ, հա՛, Առստամը առաջս կտրեց, թե խոսք եմ ասելու: Ես գլխի ընկա մտքինը:
Սահակի կինը օջախի առաջ չոքած՝ գլուխը դարձրել էր մեր կողմը: Նա տեղից կանչեց.
— Բալքի ուզում է կոլեկտիվ մտնի...
— Հենց քո ասածն է:
— Չընդունեք, նրան չընդունեք: Նա որ էնքան հակառակ էր:
— Ո՞նց չընդունենք, — հեգնեց Սահակը: — Հիսուն տարի չոբանություն արած մարդուն ո՞նց չես ընդունի: Կամքի վրա չի՞: Գյալեն էլ էր հակառակ. հիմա տեսնում ես: — Եվ դարձավ ինձ.
— Գյալեին դու էլ պիտի ճանաչես...Էն տարին, որ շարքացանը բերել էինք, քեզ խաբեց, թե ինքը կսերմի: Հետո հարբած եկավ կռիվ քցեց: Նա էլ շատ հակառակ խոսեց, բրիգադը որ եկավ մեզ մոտ, էն օյինը դրեց մեր գլուխը: Որ ասել են աղքատ եմ, հպարտ եմ, մեր Գյալեի համար են ասել: Ներքի գյուղում, որ հարսանիք լիներ, ինքը էստեղ կտուրի վրա պար կգար...
Երեխան գիրքը թողած, ծիծաղից փռթկացրեց էս խոսքի վրա: Սահակը չնկատեց և շարունակեց:
— Հավատ, ընկերություն, տղամարդի խոսք, — բոլորը կտար մի ստաքան արաղի: Էնքան էլ ծո՛ւյլ, որ շահի թամբալը նրա մոտ ոչինչ: Խմած որ չլիներ, պատի շվաքում կքներ...Մի առակ են ասում, թե վաղ ժամանակները, երբ փահլևանները գյուղերը ման էին գալիս, օյիններով իրենց ապրուստը հավաքում, մի մարդ է գալիս մեր գյուղը, էն ժամանակ մելիք էր նստում, էդ մարդը մելիքին ասում է՝ ինձ կամ մի բեռ ցորեն տուր, կամ գյուղից մի մարդ դուրս բեր, որ ինձ ղանիմ լինի, հետս հավասար քնի: Ո՞վ կլինի, ով չլինի ասում են Շիբանանց տնից մեկը կա, որ առավոտից մինչի իրիկուն ուռու տակը քնում է. թե հաղթեց, նա կհաղթի: Կանչում են էս մարդուն, բերում փահլևանի առաջը, մելիքն ասում է, թե քեզ ղանիմ սա կլինի: Գնում են ուռու տակը: Էս փահլևանը բոյով մի մեկնվում է, որ քնի, մեկնվում է ասում՝ «Յա իլ վադասի», այսինքն՝ թե մի տարի ժամանակով: Էդքան պիտի քնի. էս Շիբանանց թամբալը կողքը քորում է, պինդ օրոշտում, էրի մեկնվում և ասում՝ «Յա ախրի ղամանի», այսինքն՝ մինչև աշխարհի վերջը: Էս փահլևանը վեր է կենում փախչում, թե ես սրա հետ չեմ կարող քնել:
Թեև առակ է, բայց մեր Գյալեն քեզ օրինակ: Օխտն օր, օխտը գիշեր կքներ: Այ խմելուն ինչ եմ ասել. մի կպրոն արաղ կխմի, թե էս պատը հարբեց, նա էլ կհարբի: Որ իրեն հարցնում էինք, թե դու ինչ ես՝ չքավոր ես, միջակ ես, ասում է, ես աշխատավոր պյանից եմ:
Ինքն էլ շատախոս, ղարաչի, որ հարբեց, ինչ լեզվին գա, կասի: Բաննահենց խալխը նրան շինել էր ձեռքի ղուշ, արաղ էին տալիս, կատարը տաքացնում, բաց թողնում մեզ վրա:
Բալշևիկը որ գալիս էր, էն առավոտը տեսնեմ Գյալեն քյանդիրով կապկպոտել էր թվանքը, ուսը քցել: Տկլո՛ր, մի ոտին տրեխ, մինը բոբիկ...Ո՞ւր Գյալե. բալշևիկը գալիս է, գնում եմ կռիվ տամ: Ասի քարեքար մի ընկնի, բալշևիկի դեմ թող Բաննահենք գնան: Եթիմներդ մեղք են, ա՛յ անխելք: Քամով են քցել, քեզ խաբել են: Մի սհաթ չէր քաշել էս խոսքից՝ տեսնեմ ներքևի ճանապարհով բալշևիկի զորքը բարձրանում է: Սարի կողմից դաշնակները կրակում էին, բայց գնդակները գյուղի տներին էլ չէին հասնում: Գյալեն քաշվեց տունը: Հետո իմանամ, որ Բաննահենք նրա խելքումը նստացրել են, թե բալշևիկները գալիս են չքավորներին կոտորեն: Հալել են լցրել գլուխը, թունդ էլ խմացրել:
Հերու ձմեռ էլ նա էդպես արեց: Կոլեկտիվի բրիգադը որ եկավ, գյուղացիք ձագ տված մեղրաճանճի նման հավաքվեցին: Էնպես մարդ էլ եկավ, որ մի ոտը գերեզմանումն էր, քուրսու տակից չէր դուրս գա: Մեկը մեկի վրա լցվել էր, տեղ դադար չկար:
— Ո՛ւ, էն ինչ օր էր, — ասաց կինը:
— Մի հին ղարադամ էինք հավաքվել, էլի շատը դուրսն էր: Բաննահենց խալխը առանձին էին: Բրիգադը ընկեր Ներսեսն էր, մի ժամանակ հողբաժնի վարիչ էր: Ժողովը սկսեց, խոսեց, բացատրեց: Հարցեր էին տալիս. դե անծանոթ բան, էն էլ կոլեկտիվի պես: Մինը թե, որ կոլեկտիվ մտնեմ, էգուց իմ տանը ձավար չի լինելու, էն մինը թե՝ երեխա ունեմ, նրա դարդն եմ քաշում, թե չէ կոլեկտիվ կմտնեմ, էն մյուսն էլ թոքախտությունը պատճառ բռնեց: Մեր գեղը Բոզի անունով մի դալլաք կա. եկավ՝ լաց, աղաչանք, պաղատանք, թե կինս մի կողմից է ապստամբել դեմս, մի կողմից էլ մասսայի ձեռիցն եմ մնում կրակի մեջ, մի տեղ ցույց տվեք կորչեմ գնամ, էսքան տարի հալալ հարազատ հակված եմ եղել դեպի Խորհրդային իշխանությունը:
Էդպես խոսում էին տատանողական դրության մեջ, սարի խոտի նման որտեղից քամին փչում էր, էն կողմն էին կռանում: Էպես էլ կար, որ դիմումը ծոցից հանում էր, որ սեղանի վրա դնի, մեկ էլ նայում էր հարևանին, դիմումը նորից ծոցը դնում: Մի քանիսն էլ թե՝ ախպեր, հերիք է ինչքան խուլ ապրեցինք, էս կառավարության փեշիցը բռնած գնալու ենք, որ ծովն էլ թափվի, կթափվենք:
Կոլեկտիվի մասով ես խոսեցի, մեր Միխայելը խոսեց, վարկային Սմբաթը, կոմսոմոլ Սերոբ, մի Նավո անունով բատրակ ունենք, ինքն էլ մշեցի, նա խոսեց, էլ հիմա չեմ հիշում բոլորին: Մենք կողմ էինք, մի խալխը հակառակ, Բաննահենք էլ նրանց գլխավորը, մի մասն էլ արանքն էր, սպասում էր, թե որ կողմը կհաղթի:
Մեկ էլ Գյալեն ղալմաղալը քցեց: Էն տեսանք, որ քոռ մոշահավի պես թևերն իրար տալով առաջ ընկավ, գոռաց.
— Մի հարց, ընկերներ...
— Հարցերը վերջացել են, Գյալե...
— Թող ասի, թող, — կանչեց Բաննահենց խալխը:
Ես գլխի էի, որ լակել է. արաղի հոտը փչում էր, ոնց որ կուպրից: Թիկունքին կանգնել եմ, էն է հա մի խառնակչություն աներ, տակս պիտի կոխեի:
Գյալեն թե՝ ընկեր բրիգադ, դե որ էդպես հավասարություն է, Երևանի ինջիներները, կամիսարները բերեք թող ինձ հետ հավասար աշխատեն: Էն կռնիցը կանչեցին՝ «ա՛յ ճշմարիտ խոսքը», մենք էլ՝ «ի՛նչ էլ աշխատող ես...»: Մի քանիսը ծիծաղեցին:
Ես ասի ընկեր բրիգադը պատասխանը լավ չի տա, համա չէ, ընկեր Ներսեսը գաղափարի կողմանից շատ զրինգ է: Նա թե՝ ընկեր, էդ ինջիները, որ էդրոկայանը շինի լա՞վ է, թե կոլեկտիվի եզինքը պահի: Գյալեն տազ արեց, ես կանչեցի.
— Հարկե, էդրոկայանը...Հրեն մեր գետի վրա էլ են ստանցի շինում:
— Ստանցին լուսավորություն է, — իմ հետևից կանչեց մեր Անդրեասի տղան:
— Բա էդ խոսքն ինչո՞ւ ես ասում, ընկեր ջան:
Գյալեն տաքացավ:
— Բա ոնց չասեմ, ե՞ս եմ մտնում կոլեկտիվ, թե դու: Պիտի ասեմ, բա ո՞նց. հողս, բաղս ձեռիցս տամ, մեջտեղը տկլոր կանգնե՞մ: Էն վախտը տեղդ էլ չեմ իմանա, որ գամ ասեմ, ընկեր, էս ի՞նչ արիր:
— Էդ ե՞րբ ես բաղատեր դառել, Գյալե...
Հարցը ես իմանալով տվի: Ճանապարհի տակը Նռնաձոր ենք ասում, չեմ իմանում տեսել ես թե չէ: Էդ ձորումը էն առաջի տարիները կոկլիկ բաղ տվինք Գյալեին: Լքյալ գույք էր. առաջներումը էլի Բաննահենց ազգն էր տիրապետում: Էդ հարցը իմանալով տվի, որ էն խումբը կատաղի:
— Էդ է, որ բաղ ես տվել, կոլեկտիվ չի մտնում է՛, — էն կռնիցը պատասխանեցին, — փորը տաքացել է, սիրտը մուլքի վրա մրմռում է:
Էս խոսքին տեսնեմ Չետանց Առստամը «հեռի, հեռի՛» ասելով քունջիցը առաջ եկավ, չոբանավարի մահակը մեկնեց թե.
— Ես իմ հոգիս, Գյալեն ուղիղությունը խոսեց կոլեկտիրի մասով: Այ խալխը, — և երեսը շրջեց դեպի ժողովուրդը, — էլի էն մեր հողն ու ջուրը չի՞: Որ կոլեկտիր դառանք, հողը հո ավելանալու չի՞. ծմակը հո մեզ չեն տալու: Էնքան տարի գիշեր-ցերեկ վրան արյուն քրտինք ենք թափել, օրը մի ժում հաց կերել, ի՞նչ ենք դատել, որ հիմա կոլեկտիվը դատի. էն էլ աշխատանքը սհաթով, ես ի՞նչ իմանամ կնիժկայով, չեկով...
— Տրակտոր ենք բերում է՛ , Առստամ ապեր, տրակտորի մաշին...
— Ընկերովի լավ կաշխատենք, — էս ու էն կողմից վրա տվինք:
Ասացի, որ մեր գյուղում մշեցի մի բատրակ կա, անունը Նավո: Դա Առստամին էն խոսքերն ասաց, որ մի փութ մեղրով չի ուտվի: Նրա մերն էլ խոսեց, Հերքո պառավը: Արմացք բան էր. էսքան տարի ո՞վ էր տեսել, որ Հերքո պառավը ժողով գա:
— Խազեյնի ձեռք տանջվիր եմ, ջնջվիր եմ: Իմ ջիգյար դաղուկ է: Ցամաք հաց կիտար, փշուրըմ շոռ: Մենք լե հոգի ենք, չէ՞...
Վերջը, թե՝ էդ կուլակությունը ջնջենք, կոլեկտիվ հիմնենք: Շատ լավ խոսեց մշեցի պառավը:
Գյալեն տակից գլխից սկսեց դուրս տալ: Ընկեր Ներսեսի հետ մի բարակ երիտասարդ էլ էր եկել: Շատ քաղցր վարվեցողություն ուներ: Գյուլեն հիմա էլ շուռ տվեց նրա վրա:
— Անունդ դրել ես ծառայող, կալոշ հագել, փափուկ պալտո, ինձ ճանապարհ ես ցույց տալիս: Շեն մնաս, ախպեր, ինչո՞ւ ես նեղություն քաշում: Ես քեզ չեմ հասկանում. ֆրանսերեն ես խոսում, ֆարսերեն: Քո ասածը չեմ հասկանում:
— Է՛դ Բաննահենց արաղն է խոսում, դու չես խոսողը:
Հենց վարկային Սմբաթի ձենն իմցա: Մեկ էլ ժողովը իրար խառնվեց: Մի խումբ հուջրյում արեց ընկերների վրա. մինը գոռում է «քշեք», մինը՝ «չենք ուզում», մի ուրիշ խումբ՝ «կեցցե կոլեկտիվը».
Ես Գյալեի յախիցը բռնեցի:
— Էդ արաղը որ լակել ես, էլի ձեր իշխանության էրեսիցն է...թե ո՞նց: Չոռ ու ցավ ոնց: Դու Գյալեն լինես, նրանք քո Բաննահենց ազգը, սոված սատկիիր քեզ մի պատառ հաց չէին տա, քեզ մարդու տեղ չէին դնի: Մոռացե՞լ ես, որ նրանք գլավիցը քաշ մարդու հետ նստել վեր կենալ լայեղ չէին համարում: — Գլավան ով է, հայրիկ, — հարցրեց երեխան, որ ընթերցանությունը թողել ու նստել էր մեր կողքին:
— Գլավա՞ն... — և Սահակը նայեց իմ երեսին, կարծես խնդրում էր, որ ես բացատրեմ:
— Գլավան մի արնախում մարդ էր բալա ջան,— և խոսքը շարունակեց,— հիմա որ նեղն են, տեղները դառն է, արաղով են քեզ խաբում, իրենց մարդը հաշվում:
Էս խոսքին, տեսնեմ մի փափախ թռավ, ճրագը հանգեց:
— Էն ո՞վ էր, ով չէր...
Որտե՛ղ...հազարի մեջ կիմացվի՞: Սերոբի ձենը լսեցի.— փափախս...բաց թողեք, թողեք ինձ...
Կրակ արինք, բայց ուշ էր:
Ժողովուրդի շատը ցրիվ էր եկել, որր ղալմաղալի ահից, որի զահլեն էր գնացել, որն էլ մհանա բռնեց ճրագի հանգչելը:
— Սերոբ, էդ ո՞վ էր...
— Չիմացա, հենց էն տեսա, որ փափախը գլխիցս առան, ճրագը հանգավ, մինն էլ բամփեց:
— Բա ո՞վ էր կողքինդ:
— Մերոնք էին:
Էդպես էլ չիմացվեց, թեև մի քանիսի վրա կարծիքավոր էինք:
Ի՞նչ երկարացնեմ: Էդ ձմեռ մեր գյուղը շատ բան տեսավ: Կոլեկտիվ էլ մտան, դուրս էլ եկան, շատ անասուն մորթեցին միսը շան փայ արին: Շատ էլ սխալ բաներ բռնեցին. ժողովուրդն իշխանությունից մի քիչ մրսեց:
Չիտանց Առստամը որտեղ նստեր, չախչախը հա կբաներ. թե ասում է վերի ուրգանների կոմունիստներն են լավը: Էս բոլորը գյուղի կուսակցականների գործն է, ձեռ-ոտի մարդկանց արածը:
Էլ ինչ պրավակացի, ի՛նչ տեսակ օյիններ...
Մի հորքուր ունեմ. ինձ բռնել էր, թե՝ ասա տեսնեմ կոլեկտիվի երեխան հո՞ր անունով պիտի գրվի, թե՞ մոր: Ես գլխի չէի. ասի ո՞նց թե մոր անունով, — թե՝ բա որ իրար խառնվեն, հերը ո՞նց պիտի իմացվի:
Սահակի կինը քթի տակ ծիծաղեց: Երևի նա էլ շատ էր լսել կուլակների տարածած լուրերը: Սահակը շարունակեց.
— Զուր չեն ասել, թե խոսքը վախտին է գալիս: Թարսի նման էդ ժամանակները «Մաճկալն» էր, թե ո՜րը, տպել էր թե Մոսկով մեռելը էլ չեն թաղում, վառում են: Էդ էլ տարածվեց. լուն ուղտ շինեցին, թե կոլեկտիվը հիվանդներին, պառավներին պետք է վառի:
Խոսվածքությունը տներն ընկավ:
Էդ որ շատ ասում էին, թե կնանիքը չեն ուզում կոլեկտիվ գրվեն, չհավատաս: Մարդիկ տակից սովորացնում էին, թե էսպես կասեք: Թե չէ կնիկս ո՞րն է: Ես որ գնացի՝ կնիկս էլ կգա, երեխաս էլ: Հո բոլոր կանայք մարդաթող չպիտի մնան:
Բայց կանայք էլ կոլեկտիվի հակառակ ագիտագցի էին անում: Մինը հրես է՛... — և խոսքն ընդհատելով' Սահակը ձեռքը մեկնեց կնոջ կողմը:
— Կատեգորսկի կերպով ինձ տուն չէր թողնում: Ասում էր՝ դու քո գլխին, ես՝ իմ:
Կինը գլուխն աթարի ծխի քուլաներից հեռացնելով նայեց մեզ:
— Ինչ ճիշտ է, ախպեր, վախենում էի երեխորց մասով...Ասում էին, երեխորցը հավաքելու են տանեն ռուսացնեն: Ես էլ ասում էի՝ այ մարդ, մի՜ վռազի, կոլեկտիվ մտնողը թող մի ցամաք հաց ճարի, հետո հեշտ է:
— Բա դու խորհրդային միջոցով չես առաջ եկե՞լ, — հարցրեց Սահակը:
— Չեմ ուրանում:
— Դե առաջաքաշ եղի՛ր, է՜:
— Մենակ ես չէի հո: Մեր վարկային Սմբաթի կնիկը էն քարոզն էր տալիս կոլեկտիվի հակառակ ո՛ր...հալա մարդն էլ կուսակցական:
— Զուռնեն մեղավոր չի, տիկն է մեղավոր: Մեզ հայտնի է ձեր քարոզիչն ով էր, — և դառնալով ինձ, զրույցը շարունակեց: — Ասենք մի կողմից էլ ժողովրդին մեղապարտել չի լինի: Տեսած բանը չէր, դժվար էր: Եկած բրիգադն էլ սխալ խոսքեր ասաց. մինը թե մսուր պիտի շինենք, էն մինը թե՝ մանկապարտեզ, քորփա երեխոցը պիտի չափով կաթ տա մանկապարտեզուհին:
Դրանից էլ մի պատմություն դուրս եկավ: Կնանիքը թե՝ մեր երեխեքը ոնց պահ տանք խորթ մորը: Քցում ենք մի քոլի տակ, արտը քաղհանում, զարթնում է, ծիծ ենք տալիս: Մեր կաթը թողենք թափի, մսուրի կաթ տա՞նք: Մեր երեխան, որ ժամով հաց կերավ, կմեռնի:
Տո ո՞րն ասեմ:
Էդ օրերը Բաննահենց երկու տունը գյուղից քշեցին: Ճիշտն ասած՝ ես դրանց քշելուն հակառակ էի: Ախպեր, ասի, առեք տունը, տեղը, բաղը, հողը, իրան մի խարաբա տվեք, թող մեր աչքի առաջն ապրեն: Թող տեսնեն, սիրտը դաղվի, ոնց որ դաղել են մեր սիրտը: Թող դարդից ցնդեն:
Չլսեցին. թե քո ասածը հակառակ է մեր ծրագրին, թե գայլը թողնում ես գառանոցում, որ մեկ-մեկ բռնի խեղդի՞: Ես էլ գնացի իմ ձեռքով նրանց քոչը բեռնեցի, ասի՝ չասեք, թե էյվազանց Սահակը կուլակի սրտիցն է խոսում:
Քշեցինք: Համա վերջն իմ ասածը կատարվեց: Քննություն արին, տեսան, որ սխալ ենք բռնել: Գարունքվա մի առավոտ նրանց քոչը էլ ետ եկավ: Հեռու էլ չէին գնացել. էս մոտերքը իրենց ձմեռանոցում սթարվել էին:
Էլի մեր զրույցին գանք:
Կոլեկտիվը որ շաղ եկավ, մնացինք քսան-երեսուն տուն: Մեր Գյալեն հենց առաջին օրերը գլուխն առել էր, կորել: Խաբարն եկավ, թե գետերումը քար է ջարդում ստանցու շինության համար:
Գարունը բացվեց: Նստեցինք, հաշիվ արինք, մեր աշխատանքի պլանը կազմեցինք, մի առավոտ էլ առաջինը մենք դուրս եկանք դաշտ:
Մի տեսակ էինք զգում մեզ: Էլի մեր հողերը, մեր ընկեր-հարևանները, բայց մենք էլ առաջվանը չէինք: Կարծես էն հողերն էլ ուրիշ տեսակ երևացին, թեև տեսքն էն էր, ինչ տեսել էինք մեր ծնվելու օրից:
Չեմ իմանում քեզ պատահել է, թե չէ, իմ գլխովն անցել է, որ ասում եմ: Գերությունից վերադարձա, հենց գյուղը աչքիս երևաց թե չէ, մնացի զարմացած: Ասեմ թե տուն էր քանդվել, — քանդված տուն չկար, թե տներն էին հնացել, — մի քանի տարում ինչքան պիտի հնանային հարյուր տարվա տները, որ աչքիս թվար:
Մի օր մնացի, ման եկա տեսած տեղերս, նոր գլխի ընկա, որ ես եմ փոխվել, և աչքիս է երևում:
Էդպես էլ առաջի գարունը:
Մեր հողերն են, անուններով ճանաչում ենք, գիտենք, որը ումն է, ինչ ուժ ունի, բայց էլի մի տեսակ էր թվում: Տղերքն էլ էին փոխվել:
— Ուրեմն էլ ջրի կռիվ չպիտի տա՞նք...
— Բա էդ ո՞նց կլինի, որ հարևանիս միջնակից մի ակոս չծրեմ իմ կուռը:
Էդպես հին սովորություն կա մեր գյուղերում: Շուտ վարոը մեկ էլ տեսար սահմանի միջնակից կեսը ցելեց. կռիվ, ղալմաղալ… Մերոնք դրա մասին էին ասում:
Վարն սկսեցինք: Լավ էր տրակտորը հասավ, թե չէ բաներս բուրդ էր: Լծկան քիչ ունեինք: Տրակտորը հասավ, թե չէ, մենք էլ գիշերը ցերեկ արինք, էնքան ցել սևացրինք, որ մնացել էին զարմացած:
Մենք էլ էինք զարմացել մեր արածի վրա: Եթե ջոկ-ջոկ վարեինք, դրա կիսի չափն էլ չէինք հասցնի: Ընկերովի աշխատանքն ուրիշ է, ուրիշ:
Մեր Գյալեի սերմը մնացել էր տափին: Նրա արտն էլ մեր հողերի սահմանին կպած էր: Մերը որ վերջացրինք, ասի եկեք մի լավություն անենք, Գյալեն հեչ, բայց երեխաներն են ափսոս: Էս նեղ մաջալին ով է նրա համար վար ու ցանք անելու:
Տրակտորը շուռ տվինք դրա հողի վրա: Մինչև կեսօր վարեցինք, ցանեցինք, հլա մի փութ սերմացու էլ մեր ձիու վրա դրած՝ ետ ուղարկեցինք տունը:
Կինը եկավ, շա՛տ, շատ շնորհակալ եղավ: Մեկ ուզեցի հասկացնեմ նրան, որ դիմում տա, մտնի կոլեկտիվ, մեկ էլ ասի, ով գիտի ինչ պրավակացի տարածեն գյուղում, թե կոլեկտիվը զոռով կնիկը մարդուց բաժանում է:
Չասածի:
Արտերը կանաչեց: Մի թամաշ էր ո՛ր...Ուրիշինը ծուռտիկ, մի տեղ սեյրակ, մի տեղ՝ թանձր, կորեկի կողքին գարի, միջնակների խոտը գարուց անցել էր: Իսկ մերը՝ միատեսակ, մաքուր ցորեն, ոչ միջնակ ունի, ոչ սահման կա, միահավասար կանաչել է:
Մի երեկո էսպես նստած խոսում էինք, տեսնեմ ըհը՜, ներս մտավ:
— Ո՞վ,— հարցրի ես:
— Գյալեն: Ներս մտավ, բարև տվեց: Հենց էդ էլ զարմացրեց ինձ, բարև տալը: Գյալեն որտեղ, բարև տալը որտեղ: Հարց ու փորձ արինք գործից, էդրոկայանի շինությունից: Լավ խաբարներ ասաց: Մեկ էլ թե՝ քեռու տղա, — ինձ էլ քեռու տղա է ասում, — դուրս արի, բան պիտի ասեմ:
Դուրս եկանք բակը:
— Ի՞նչ կա, Գյալե...
— Հե՛չ...Ասում եմ լավ եք արել, որ արտս խափան չեք թողել...
— Բա ոնց:
— Ես էլ էդ եմ ասում, — մի քիչ լռեց, մեկ էլ ձեռքը դրեց ուսիս, աղաչելով ասաց: — Քեռու տղա, ինձ էլ գրիր կոլեկտիվ...
Մնացի զարմացած: Աչքիս չէի հավատում: Էս մեր Գյալեն և էսպես խեղճացած, փոխված: Էնպես լացակումած ասեց, կարծես մի շատ դժվար, շատ ծանր բան սրտիցն ընկավ, թեթևացած:
— Լա՛վ...էգուց արի տեսնենք:
— Էլ տեսնել չկա: Այսուհետ էլ վերջ, — և ձեռքը թափ տվավ:
— Ինչի՞ն վերջ, Գյալե:
— Ամեն ինչին...Երկու ամիս է բերանս էն զահարից մի կաթ չեմ առել և չեմ առնի: Հիմա ես հասկացա, Սահակ, շատ բան իմացա...Դուռակ էի, — և ձեռքը խփեց ճակատին, — խելքս ինձանից առել էին:
Սահակի կինն էլ էր ուշադրությամբ լսում: Երևում էր, որ նրա պատմած մանրամասնությունները կնոջ համար էլ նորություն էին:
— Լավ, — ասացի:
— Դուք որ իմ սերմը տափին չեք թողել, էլ ձեզանից լավ ընկեր չունեմ...Քեռու տղա, շատ բան հասկացա, շա՛տ...
Նորից ասաց: Ի՛նչ մեղքս թաքցնեմ, մտքովս անցավ, թե էլի խմած կլինի: Ոտի վրա մի տեսակ պինդ չէր:
— Էն մեռավ, քո տեսած Գյալեն մեռավ, թաղեցի քարի տակ: Էլ նա դուրս չի գա: Այ տե՛ս, — և նա ծոցից հանեց մի կապ թուղթ փող, — էնտեղ եմ աշխատել, հալալ քրտինքով, որ խմեի, ոչ փողն էր պակաս, ոչ խմիչքը: Բայց չեմ խմել... Եվ բոլորը տալիս եմ կոլեկտիվին: Էս էլ իմ փայը:
— Պետք չէ, Գյալե...գնա տուն, հանգստացի: Տանը պակասը շատ է: Էգուց կգաս, կվերջացնենք:
— Հա՜, էգուց: Անպատճառ էգուց:
Նա գնաց, մեկ էլ հետ եկավ և բոլորովին մոտեցավ: Քիչ էր մնում ճակատը տրաքեր ճակատիս:
— Մի բան էլ եմ ասելու, քեռու տղա...
— Ի՞նչ, Գյալե, — համ հարցրի, համ էլ մտքումս ասացի, որ խմած չի, որովհետև բերանից հոտ չէր գալիս:
— Էդ անունը էլ մի տուր:
Կարծեցի գժվել է:
— Գյալեն մեռավ, Գյալեին թաղել եմ քարի տակ… Հիմա ես Գալուստ եմ, ընկեր Գալուստ:
Եվ կրծքին պինդ խփեց, կարծես այդ նոր անունը ամենաթանկ պարծանքն էր:
Վերադարձա, մերոնց ասացի, որ ուզում է կոլեկտիվ մտնի: Մեկն ուրախացավ, մյուսը թե՝ չլինի սրա տակը բան կա, մի օյին, էն մեկէլը թև՝ բանվորների մեջ մի քանի ամիս մնացել է, շփվել, երևի համոզել են:
Մյուս օրն ընդունեցինք: Անունը որ ժողովին կարդացինք, ծափահարեցինք: Շատ ուրախացավ, անչափ: Ասաց թե ինձ որ ծափահարեցիք, այսուհետև մեռնեմ էլ դարդ չունեմ:
Նշանակեցինք բրիգադ:
Դու աշխարհքի բանը տես, թե մարդն ինչպես է փոխվում: Էն ծույլ, ղարաչի, հարբեցնող, չքավորության մեջ խեղդված Գյալեն մեր կոլեկտիվի ամենաեռանդով բրիգադն է: Ոչ մի խոսք, ոչ մի ծպուտ չի հանի, առավոտը լույսը չբացված գործին է, ուր էլ ուղարկես՝ կգնա, մի խոսքով՝ կարծես նոր մորուց ծնված է:
Նրա էդ փոխվելը անասելի օգնեց մեր կոլեկտիվին: Էնքան մեր օգուտի մասին չեն խոսում, ինչքան նրա մասին: Էս զարմանալի բանը պատահեց, ախպեր, մարդը դարձավ ուրիշ, բոլորովին ուրիշ:
Սահակի կինը մեզ կանչեց թեյի:
— Ես քեզ երեկոյան նրան ցույց կտամ...Մուխանի հետ գնացել է էն կողմի հողերի վրա: Մի խոսեցրու, խոսեցրու, տես ինչեր է ասում:
— Ի՞նչ է ասում, Սահակ: Չի ասում, թե առաջ ինչո՞ւ էր այդպես:
— Ասում է, որ հարցնում են, ասում է: Սիրտս նեղվում էր, ասում է, չքավորությունը խեղդում էր ինձ, ես տեսնում էի, որ էսպես գլուխ չեմ հանելու, մենակ աշխատելուց սիրտս սևանում էր: Ես էլ ինձ տալիս էի ծուլության, հարբեցողության: Ասում էի աշխարհի հերն անիծած, ինչ ուզում է թող լինի, էսօր կամ, էգուց չկամ: Հիմա ինչպես խոր քնից զարթնած: Ես եմ փոխվել, և ամեն ինչ աչքիս փոխվել է...Ես էլ փոխվեցի որ գնացի ստանցու շինության վրա, որ կոլեկտիվը հիմնվեց: Ասում է, տնից որ նամակ եկավ, թե կոլեկտիվը մեր արտը վարել է, ցանել, ջանս մի տեսակ սարսռաց, ես ինքս ինձ մտածեցի, թե ինչ ճանապարհի վրա եմ, մտածեցի և ձեռք քաշեցի ծուլությունից, հարբեցողությունից: Եվ դարձա ուրիշ մարդ:
Բա, էսպես եղավ, էսպես զարմանալի բան եղավ մեր աչքի առաջը: Ու հիմա գնա հետը խոսի. լեզուն էլ էն չի, նստել վերկենալը: Շատ աշխատում է, լավ էլ ստանում է:
Առաջ եթե նրան մեկը ընկեր Գալուստ ասեր, ժողովուրդը կծիծաղեր: Հիմա նրան քչերն են Գյալե ասում: Էդ քչերն էլ նրա երեսին քաշվում են ասել, իրար մեջ են էդպես կանչում:
Հիմա նա Գալուստ է, ընկեր Գալուստ…
Սահակի այս խոսքին կատարածուն ներքևից ձայն տվեց: Նախագահը դաշտից վերադարձել էր գրասենյակ:
Ես շտապով վեր կացա:
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ