Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923-ին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-26-ին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ 1927-28-ին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։ Ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։