Չարենցի մեծությունը ոչ միայն հանճարեղ բանաստեղծ լինելու մեջ է, այլ ուրիշի ցավը տեսնելու ու ուրիշին ներելու մեջ ու դրա ամենավառ ապացույցը Բակունցին նվիրված այս գլուխգործոցն է, որով նա իր եղբայրական ձեռքն է մեկնում այն նույն Բակունցին ում ՆԿՎԴ-ի պադվալներում անասելի կտտանքների ենթարկելով ստիպել էին ցուցմունքներ գրել Չարենցի դեմ: Ես խոնարհվում եմ ձեր երկուսի առջև էլ ...
Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,—
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,—
Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հար աննյութեղեն,—
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,—
Այս ամենի համար, — և «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՛վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական,—
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
Եվ ներբողում եմ քեղ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…
ՉԱՐԵՆՑ