Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ մենք չափից շատ գեներալներ ենք հորինել։

«- Մենք հորինել ենք բարոյական հաղթանակները՝ «անբարոյական» պարտությունները գեղեցիկ փաթեթավորելու ու արդարացնելու համար:

- Մենք հորինել ենք, որ մենք հողին կպած ժողովուրդ ենք, բայց հեռատեսորեն չենք նշել, թե կոնկրետ որ հողին:

- Մենք հորինել ենք, որ շինարար ազգ ենք, բայց նախընտրում ենք հիանալ Հռոմի, Բարսելոնայի, Սանկտ Պետերբուրգի, Դուբայի ու Նյու Յորքի շենքերով, իսկ շինել խոստանում ենք քաղաքական հակառակորդներին:

- Մենք հորինել ենք, որ հանուն Հայրենիքի գնալու ենք մինչև վերջ, բայց ոչ մեկի պատկերացրած վերջը նույն տեղում չի վերջանում:

- Մենք հորինել ենք, որ 90-ականներին դիմացել ենք ցրտին ու սովին, որ ազատագրենք Արցախը, որովհետև 30 տարի անց կերած-խմած հանգիստ թույլ տվեցինք, որ այն հանձնվի:

- Մենք հորինել ենք, որ գեներալը պատվի ու անձնազոհության մարմնացում է: Մենք ընդհանրապես չափից շատ գեներալներ ենք հորինել:

- Մենք հորինել ենք, որ մենք քրիստոնյա ենք, քանզի չկա օր, որ Աստծուն չզարմացնենք մեր աշխարհիկ «կռուտիտներով»:

- Շատ քիչ բաներ կան, որ մենք չենք հորինել: Օրինակ՝ ծնող, երեխա, ընտանիք, գերեզման... Բայց նպատակամղված գնում ենք դրանք էլ ոչնչացնելու, որովհետև մենք սիրում ենք հորինել այնպիսի կյանք, որն իրականության հետ ոչ մի կապ չունի:

- Փորձեք նայել պարտվածի աչքերի մեջ, լինի նա մարզիկ, զինվորական, թե ուղղակի նարդի խաղացող: Եթե նա աչքերը փախցրեց, ուրեմն երբեք նորից չի հաղթելու: Եթե նա հորինեց իր պարտության մասին գեղեցիկ ու դրամատուրգիապես ճիշտ կառուցած պատճառաբանություն, ուրեմն երբեք նորից չի հաղթելու: Նորից հաղթելու համար պետք է ուղղակի չփորձել մոռանալ, որ հաղթող եղել ես... Մնացածը ժամանակի հարց է:

Հ.Գ. Բայց ես լավ եմ տրամադրված, նկարս վկա»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։