Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակագում մեկ հարց է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախաձեռնությունը, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իր ելույթում ասաց․
«Ես ուզում եմ խոսել որպես մի ժողովրդի ժառանգ, ով իր հայրենիքն ու պետականություն է կորցրել։ Հայերի մեծ երկրի փոքր տարածքի վրա պետականությունն ենք մեր կառուցել և հիմա գտնվում ենք մի փխրուն ժամանակաշրջանում, որտեղ մեր տարածքային ամբողջականությունը վտանգված է։ Մենք ի՞նչ ենք անում․ արտաքին թշնամուն թողած ներսում իրար հետևից ենք ընկել։ Մենք արտաքին թշնամուն թողած ընկել ենք շաքարի՝ իշխանության հետևից։
Չի լինում սենց, սենց միասնականություն չի լինում։ Բա ե՞րբ պետք է էլ ավելի միասնական լինենք։ Հիմա ունենք արտաքին թշնամի, հիմա ունենք արտաքին խնդիրներ, հիմա տարածաշրջանը անկայուն է և խնդիրը միայն ՀՀ-ի հետ չի կամ մեր տարածաշրջանը մենակ մեր խնդրով չի սահմանափակվում։ Ես իմ եղբայրներին, մեր հայերին, ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, որ էս վտանգի ժամանակ ավելի քան լինենք միասնական։ Մենք խնդիր ունենք թուրքի հետ։
Մենք եթե վատ կառավարիչներ ենք, եկեք արտաքին խնդիրը լուծենք, վերադարձեք մեզ, քննադատեք կամ որպես ընդդիմություն նաև ձեր աշխատանքը անեք։ Ասում են՝ հայրենիքի էս հատվածը իմն է, ես ընդեղ եմ ապրում։ Հայրենիքի ամեն մի հատվածը ես եմ։ Էս հղի համար արյուն է թափվել։ Ես էս երկրի ծնունդն եմ, ու թող ոչ մեկը ինձ չասի, որ Սյունիքը իմն է, քոնը չէ։ Թող ոչ մեկ չասի՝ Գեղարքունիքը իմն է, քոնը չէ։ գեղարքունիքը ես եմ, Սյունիքը ես եմ, Լոռին ես եմ, Գյումրին ես եմ, բոլոր տեղերում ես եմ։ պետք չի տարանջատել։ Հիմա ունենք արտաքին թշնամի ու իրար ներսում իրար բաժանում ենք։
Մենք մեզ բաժանանեք, ուրիշը մեզ տիրի։ Հիմա խնդիրը արտաքին թշնամու հետ է։ եկեք լուծենք միասնական էս խնդիրը, հետո կվերադառնանք։ Վերադարձեք մեզ, բայց երբ որ էս հարցը լուծած լինենք։ Ցավով եմ ասում՝ հայերի մեծ Հայաստանի, հայերի մեծ երկրի փոքր տարածքի վրա, մեր երկրի փոքր կտորի վրա կարողացել ենք մեր հայրենիքը կառուցել։ էս հայրենիքը պահել, պաշտպանել, փայփայել է պետք արյան գնով, ամեն գնով։ Մենք թույլ չենք տա։ 3կմ են եկե՞լ։ Հետ են շպրտվելու ու գնալու։
Մենք նոր պատերա՞զմ ենք ուզում։ Ինչի՞ ենք անընդհատ հրահրում, թե երեք կիլոմետր են եկել, պետք է արագ դրանց սատկացնել։ Նուրբ ժամանակաշրջան ենք ապրում, ու էս ժամանակաշրջանում պետք է ավելի սառնասիրտ ու միասնական գտնվենք։ Ուզում եմ միասնականության կոչ անել ու իսկապես գնալ դեպի միասնականության ճանապարհով»։