Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Դատական մասնագիտացում, թե՞ սահմանադրական արդարադատության ինստիտուցիոնալ տարրալուծում» վերտառությամբ:
«Վերջին տասնամյակում ՀՀ-ը, հետևելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ և օրեցօր ավելացվող օրենսդրության պայմաններում որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն:
Մինչդեռ՝ այս քաղաքականությանը հակառակ՝ գեղեցիկ, ականջ շոյող, բայց բուն հարցին չվերաբերող շաբլոնային տերմինների օգտագործմամբ (սահմանադրականացված դատարան, ուժեղ և անկախ դատարան, նոր գաղափարախոսություն և այլն) ասվում է, որ, օրինակ՝ ընտանեկան վեճ լուծող դատավորը պետք է որոշում կայացնի այս կան այն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին:
Ինչպես սահմանադրական իրավունքի մասնագետը չի կարող որակյալ կերպով ընտանեկան վեճ լուծել, այնպես էլ (առավել ևս) ընտանեկան վեճ լուծող դատավորը չի կարող (պետք էլ չի) որոշել (պաշտոնապես փաստել) որ օրենքը հակասում է Սահմանադրությանը:
Օրենքը հակասահմանադրական ճանաչելը (որոշելը) չպետք է շփոթել օրենքի սահմանադրականությունը ստուգելու հետ: Այսօր էլ առաջին ատյանի (վերաքննիչ) դատարանները դա անում են, իսկ հակասահմանադրականության վտանգ տեսնելու դեպքում դիմում են ՍԴ (2018թ. 6 դիմում, 2019թ. 2019թ. 13 դիմում, 2020թ. այս պահի դրությամբ՝ 5 դիմում):
Այնուամենայնիվ վերը նշվածի իմաստը հասկանալու համար պետք է մի քանի նախապայման.
Նախ՝ իրականության մեջ դատավարական որոշում ստորագրած իրավաբանը գիտակցում է այդ փաստաթղթի կայացման ծանրությունը և պատասխանատվությունը, պատճառաբանվածության որակը: Օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմումը և օրենքը հակասահմանադրական ճանաչելու որոշումը էապես տարբեր են՝ պատճառաբանվածություն, պատասխանատվություն, բեկանված ակտ ունենալու վախ և այլն:
Թերևս զուտ հայեցակարգեր, գիտական հոդվածներ կամ մասնավոր անձանց համար բողոքներ գրողներին համար նկարագրվածը անծանոթ հոգեբանական ապրումներ են: Այսօր՝ օրենքի հակասահմանադրականության մասին գիտական կամ կեղծ գիտական նյութ կարող է գրել նույնիսկ ոչ իրավաբանը, սակայն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին պաշտոնական որոշում կայացնելու ծանրության տակ կմտնեն քչերը: Ընտանեկան վեճ լուծող դատավորը, եթե հիմնավոր կասկած ունի կիրառվող նորմի սահմանադրականության վերաբերյալ, ապա ամենայն հավանականությամբ կդիմի ՍԴ, բայց դատական ակտով որոշել, որ այն հակասահմանադրական է՝ քիչ հավանական է (դա հնարավոր ակնհայտ տեքստային հակասության դեպքում, որն այսօր քիչ հանդիպող է):
Երկրորդ՝ ասվածը արժեք ունի, եթե սահմանադրական իրավունքի իմացությունը չի նույնացվում Սահմանադրության տեքստը կարդալու ու վերարտադրելու ունակության հետ. Սահմանադրության տեքստ կարդալ կարող են շատերը, այդ թվում՝ ոչ իրավաբանը, իսկ հասկանալ և մեկնաբանել, առավել ևս՝ որոշել (հաստատել) օրենքի հակասահմանադրականությունը՝ միայն սահմանադրաիրավական մտածողության կրողները:
Վստահեցնում եմ՝ սահմանադրական մտածողությունը և, օրինակ, քրեադատավարական մտածողությունը էապես տարբեր են, հիմնված են տարբեր արժեքների, սկզբունքների վրա. Այն ինչ կտեսնի սահմանադրական մտածողության կրողը, ամենայն հավանականությամբ չի տեսնի՝ դատավարական մտածողություն ունեցողը: Սահմանադրական մտածողություն ձեռք է բերվում սահմանադրական արժեքաբանության ոլորտում որակյալ կրթության և մշտական ինքնակրթության պայմաններում:
Սկսեք ինքնակրթվել...»,- գրել է նա: