Իշխանության գրպանում ապրող «ընդդիմիության» ռեյտինգը աղետալի աստիճանի ցածր է, եթե կարելի է դրան ընդհանրապես ռեյտինգ անվանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Աղետ է, երբ Մարուքյան Էդմոնը սոցիոլոգիայից է խոսում
Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ պատվիրողներ և իրականացնողներ շատ կան, բայց այդ հարցումների արդյունքները կարդացողներ և կարդացածից հասկացողներ շատ քիչ կան, ավելին` այդ մարդկանց թիվը կարելի է հաշվել մատների վրա: Ոնց հասկանում եմ` իշխանության և իշխանության սատելիտների շրջանում սոցհարցումների արդյունքներ կարդացողներ ու հասկացողներ ընդհանրապես չկան: Հետո կհասկանաք, թե այդ սոցիոլոգիան ինչի մասին էր, որովհետև դրա համար տարիների փորձառություն, ինտելեկտ ու խորիմաստություն է պետք: Ինչ աստիճանի պրիմիտիվությամբ այս մարդիկ քաղաքականությամբ են զբաղվում, այդ կերպ էլ սոցհարցումների արդյունքներ են կարդում ու հասկանում: Սա անվիճելի է, կորելացիան այստեղ ակնհայտ է: Իսկ սոցհարցումների պատկերը շատ ավելի ուրիշ է, որովհետև նախ և առաջ պետք է հասկանայիք, թե սոցհարցմանը ո՞ր խմբերն են, որ համաձայնվել են մասնակցել, ո՞ր խմբերն են, որ չեն համաձայնվել մասնակցել, մասնակիցներից քանի՞սն են հրաժարվել պատասխանել այս կամ այն հարցին: Իշխանության ռեյտինգ ասվածը շատ ավելի ցածր է, քան իրենք գիտեն դրա մասին: Նույնիսկ չեն էլ ենթադրում, թե ինչքան ցածր է:
Իսկ իշխանության գրպանում ապրող «ընդդիմիության» ռեյտինգը աղետալի աստիճանի ցածր է, եթե կարելի է դրան ընդհանրապես ռեյտինգ անվանել: Կան նաև «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնք բոլոր հաշվարկներով մի ոտքով արդեն քաղաքական գերեզմանոցում են` իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պարագայում: Իրականությունն է այդպիսին, տրամաբանությունն է այդպիսին, քաղաքական էմպերիզմի պատմության սոցիոլոգիան է այդպիսին. իշխանության մոտ ընդդիմություն աշխատող կուսակցությունները դատապարտված են անփառունակ վախճանի, և սա Հայաստանի Հանրապետության վերջին խորհրդարանն է, որտեղ Մարուքյան Էդմոնի կուսակցությունը կա: Հաջորդ խորհրդարանում Մարուքյան Էդմոնի կուսակցությունը չի լինելու, դրանից հետո` ընդհանրապես գոյություն չի ունենալու: Մանեի գնալն ահազանգն էր, առողջություն Մանեին»,- գրել է նա: