Հայ ժամանակակից գրող Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի՞նչ քաղաքականություն ա «թաքնված» գրականության ուսուցման հայցեակարգի տակ, պիտի փորձեմ ասել հնարավորինս պարզ ու հասկանալի։
Նախ ասեմ գրականության վերլուծության մեթոդների մասին՝ չխուսափելով գռեհկորեն պարզունակացնելուց, քանի որ էդպես ցայտուն կերևա։
Վերցնենք մի նախադասություն, ասենք՝
Լիլիթը գազ տվեց ու թեքվեց Կոմիտաս՝ չնկատելով խաչմերուկի կարմիր լույսը։
Ֆեմինիստական գրաքննադատությունը կվերլուծի սենց․
տեքստը ցույց ա տալիս անկախ կանանց հանդեպ հայրիշխանական ստորադասող վերաբերմունք։
Մարքսիստականը կասի․
տեքստը ցույց ա տալիս բարձր ու ցածր դասակարգերի բախման մեջ միջին խավի դիրքավորման խութերը։
Հետգաղութատիրականը կասի․
Սովետի փլուզումից հետո անկախացած երկրներում տնտեսության զարգացումը ուղեկցվում էր կարմիր՝ սովետական կարծրատիպերի վերարտադրմամբ։
Պատմամշակութայինը կխոսի՝ տվյալ ժամանակաշրջանի պատմական ու մշակութային կոնտեքստը վերհանելով։
Ուրեմն, էս մեթոդներից ոչ մեկը հակագիտական չի, ու բոլորն ունեն ընդհանուր մի բան՝ կոնտեքստ։
Հիմա տեսնենք, թե ինչպես էր գովազդվում հայեցակարգը Պետրոսի հաղորդման մեջ։ Առկա պատմամշակութայինը պիտակվում էր «հին», ազգայնական, իսկ դրան փոխարինում ա նորը՝ գիտականը։
Ու ի՞նչ ա էդ նորը․ չէ, ոչ ֆեմինիստական ա, ոչ հետգաղութատիրական, էդ «նորը» մի հատկանշով ա տարբերվում էս բոլորից՝ ապակոնտեքստուալացմամբ։ Դե ինչ էլ անես կոնտեքստի հետ, մեկ ա, ազգային բաներ են մնում մեջը, դրա համար պիտի կոնտեքստ չլինի։
Որտեղի՞ց ա գալիս սա․ ճիշտ ա, պատմամշ-ից ավելի ուշ, բայց՝ անցած դարասկզբից։ Դա ֆորմալիզմն ա, որը ծնվեց իբրև ռեակցիա գաղափարախոսայնացված գրականագիտությանը։ Ինչպես ռոմանտիզմն էր նադայել եղել կլասիցիստական ռացիոնալից, ու «սիրտ» էր առաջարկում «գլխի» դեմ, էդպես էլ դարասկզբին Ռուսաստանում ընդդեմ հեղափոխական, դասակարգային հայացքի առաջացավ ֆորմալիզմը։ Իհարկե, հայեցակարգիստները Ռուսաստանից հո չէին վերցնի, վերցրին դրա ամերիկյան զավակին, որ կոչվում ա «Նոր քննադատություն», այ էստեղից ա էդ «նորի» հրճվանքը, թեպետ սա էլ անցած դարի կեսերին ա ծաղկել։
Ի՞նչն ա էս երկուսի ելակետը․ ոչ մի կոնտեքստ, ոչ մի հեղինակի կենսագրություն, պատմություն, գաղափարախոսություն, բլա-բլա, այլ՝ զուտ տեքստ, ռիթմ, մետաֆոր, հանգ, գեղարվեստական արտահայտչամիջոցներ, սիրուն բաներ։
Բա ոնց․ երեխեն պիտի խորանա տեքստի մեջ՝ զուտ լեզվական նրբություններ պեղի և այլն․․․
Բայց լեզուն պատմականության ցուցիչներով ա լեցուն, մեկընդմիշտ տրված ու ամեն ինչից զտած-թորած անփոփոխ բան չի։
Գաղափարախոսականացվածության դեմ ընդվզումը իմաստ ունի, երբ դա պարտադրված ա իբրև միակը։ Իսկ երբ առաջարկվում ա «չգաղափարախոսականը»՝ ջնջելով պատմության, մշակույթի, դասակարգերի և այլնի ողջ կոնտեքստը, ի հայտ ա գալիս մի ուրիշ գաղափարախոսություն, որի անունն ա նորլիբերալիզմ։
Ու սա նորլիբերալ աղբյուրից սնվող հկ-ական իշխանության հաստատումն ա գրականության վրա»։