Վիոլետ Գրիգորյան
Վրացական «Մի վշտանա» ֆիլմում Կիկաբիձեի հերոսը կարողանում է մուռը հանել իրեն նվաստացրած հարուստ իշխանից, որ զոռով ստիպել էր նրան պաչել իր քամակը: Ու դա կարողանում է անել միայն էն պատճառով, որ բոլորն էլ' հարուստ , թե աղքատ, ատամ ունեն:
Հին հայկական ասացվածքն ասում է: «Ատամ ունես, գլուխդ քորի»... Չէէէէ, էս լրիվ ոնց որ խառնում եմ սաղ...
Առանց ասացվածքի էլ պարզ է, որ եթե ատամ ունես, վաղ թե ուշ ատամնացավ էլ կունենաս: Ու էդպիսի գեղեցիկ մի օր, երբ ատամնացավի ուղտը չոքում է նաև հարուստ իշխանի դռանը, Կիկաբիձեի հերոսը «ատամն ընդ ատաման» է անում' ցավից ազատելու պայման դնելով հակադարձ «պաչի քամակս» փոխհատուցումը:
Կոպիտ աշխարհ, կոպիտ բարքեր...
Բայց էսօր էլ շարունակվում են «պաչի քամակս» բարքերը, ուղղակի էլ չկա նախկին ռոմանտիզմը՝ ջիգիթ, թասիբ, օլորած հաստ բեղեր, ամոթխած գեղեցկուհի, փոռիկավոր թումբանչիկ, խանչալ, արցունքներ...
Ուղղակի էսօր ոչ թե քեզ են տանում իշխանի մոտ, որ նրա՝ աթոռին տնկած քամակը պաչես, այլ իշխանությունն է գալիս ու քո սեփական աթոռին իրա քամակը պաչել տալիս: Ու էդ աթոռը մենակ ատամնաբույժինը չի:
«Արտոնագրային վճարների մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները ոչ միայն ատամնաբույժներին, այլ բոլոր ատամնավորներիս են ստիպում պաչել իշխանության քամակը, քանի որ ստամատոլոգիական կլինիկաները, բացի եղած հարկերից, պիտի ամեն աթոռի համար վճարեն 60-100 հազար դրամ' ըստ կլինիկայի տեղանքի: Իսկ դա նշանակում է, որ բարձրանալու են գները էդ աթոռներին նստողների համար:
Մեր մամուլն ու ֆեյսբուքյան մտավորականները մի բոլ ջղայնացան ու հեգնեցին ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարտիեին, որ իր երկրի բարձր հարկերից խուսափելու համար տեղափոխվեց Ռուսաստան, որտեղ հարկերն ավելի ցածր են: Ու որ Բրիջիդ Բարդոն ու Միրեյ Մատիեն էլ նույն ցանկությունը հայտնեցին, ֆեյսբուքյան հասարակության սերուցքը ֆրանսիական իշխանության բարձունքից սկսեց մատ թափ տալ աստղերի վրա: Դե հեշտ է ուրիշների փողերը բաշխելը:
Բայց Դեպարտիեի Ռուսաստան գնալով Ֆրանսիան չի կործանվում, Դեպարտիեի վրա արդեն Made in France-ի պեչատը դրված է, փողերից էլ լիուբոլ՝ հարկված: Բայց որ Հայաստանից ատամնաբույժներն արտագաղթեն, մեր հալն ի՞նչ կլինի: Էդ էլ հո Դեպարտիեի դերասանությունը չի, առանց որի կարենաս յոլա գնաս՝ մխիթարվելով «Յա Գարեգին Նժդեհ»-ով:
Համ էլ ոնց որ թե դեպարտիեական մասշտաբի փողերին կպնող չկա, չար լեզուներն ասում են, որ հարկային էս քաղաքականությունն ուղղակի նրա համար է, որ որոշ պաշտոնյաների մեծ կլինիկաները, որոնց օրենքն ավելի մեղմ է վերաբերվում, բարգավաճեն ու կուլ տան փոքրերին ու միջիններին:
Ուրեմն, ավելի լավ չէ՞ր լինի քյասար վերադառնալ էն «պաչի քամակս» բարքերին, գոնե հնարավոր կլիներ, քանի դեռ ատամ ունես, գնալ չոլերը, մտնել ինչ-որ քարանձավ ու մոտեցողին գյուլլել: Մանավանդ որ, ոչ մի հույս չկա, թե էդ օրենքն հանողներից գոնե մեկը մի օր ստիպված կլինի ատամ բուժելու համար մտնել ինչ-որ հասարակ ատամնաբուժարան, որ հասարակ ատամանաբույժն էլ վերցնի իրա դռռիկն ու առանց սրսկելու մի լավ դռռացնի: