«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի վատ լուր օրինախախտների համար:
Ինչպես, միգուցե, գիտեք, ոստիկանությունը հակահամաճարակային կանոնները խախտած և դիմակ չկրող քաղաքացիներին տեղում չէր տուգանում: Տեղում կազմվում էր արձանագրություն, որը հետո հանձնվում էր տարածքային ոստիկանության բաժին, այնուհետև դրա հիման վրա սկսվում էր վարույթ, քաղաքացուն կանչում էին բաժին ու նոր կազմում տուգանելու մասին որոշումը: Մի երկար պատմություն, որը սարսափելի ծանրաբեռնում էր ոստիկանությանը:
Խնդիրը իդենտիֆիկացրել էինք մեր հակահամաճարակային ակցիաների ժամանակ, և ոստիկանության հետ միասին քննարկումներում գտնվեց դրա լուծումը:
Վաղվանից ոստիկանները տեղում կկայացնեն տուգանման որոշումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կխախտեն հակահամաճարակային կանոնները, ինչի արդյունքում մեկ քաղաքացուն տուգանելու համար ոստիկանությունը շատ ավելի քիչ մարդկային ռեսուրսներ կծախսի, և ոստիկանները կկարողանան ավելի շատ օգտակար գործ անել (այդ թվում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևել):
Հ.Գ. Այո, հանրային առողջությունը վտանգող քաղաքացիները պետք է տուգանվեն»: