Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեր կառավարությունն ու նրա ղեկավարը հետզհետե դուրս են գալիս օրինականության և օրենսդրությամբ իրենց տրված իրավասությունների սահմաններում գործելու տրամաբանությունից: Սրա հետևանքները կարծում եմ բարդ չէ հասկանալ ինչի են հանգեցնելու: Ես չգիտեմ թե նման հայտարարությունները արդյոք խորությամբ գիտակցված են, թե ոչ, բայց այն իրավական պետությունը, որը բոլորս ենք ուզում, այս կարգի գրառումները ապագայում հանցագործության մեջ մասնակից լինելու մասին ինքնախոստովանանք է դիտարկելու (գրության մեջ նշված դերակատարների մասին է խոսքը` վարչապետ և կառավարություն, այլ ոչ գրառում անողի):
Իսկ եթե ավելի պարզ, ապա գրառման մեջ հետևյալ մտքերը, պնդումները, հայտարարություններն ու տեսակետները ամբողջովին դուրս են Կառավարությանը սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակից:
Խնդրահարույց ձևակերպումներն են:
Պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառած վնասը:
Հարցեր: Որտե՞ղ է ինքնախոստովանանքը թալանի մեջ ներգրավվելու, որտե՞ղ է դատարանի մեղադրական վճիռը, որտե՞ղ է վճռի մաս կազմող և գնահատված պետությանը պատճառած վնասի չափը:
Ոչ մի անհատ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի պետության անունից պետությանը պատճառված վնասի չափ որոշել, դրա համար կան օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:
Կառավարության ունեցած տվյալներով Խաչատրյանները ղեկավարել են կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ:
Հարցեր: Եթե այս տվյալները հավաստի են, ինչու՞ չկա դատարանի վճիռ, որով Խաչատրանն ու որդիները կրում են իրենց օրինական պատիժը, իսկ պետությանն ու հանրությանը պատճառված վնասները դատարանի վճռով փոխհատուցվել են և դատարանի վճռով է նրանց պատկանող ունեցվածքը պետականացվել:
Բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի, եթե վաճառքի դիմաց ստացվող գումարը ամբողջովին փոխանցվի ՀՀ պետական բյուջե: Հարցեր: Վերոնշյալ միևնույն դիտարկումները. որտե՞ղ է դատարանի վճիռը, Կառավարությունն ո՞վ է, որ իրեն նման իրավասություն վերապահի, այսինքն որոշի անձը իր մասնավոր սեփականությունը կարող է օտարել, թե ոչ:
Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը:
Հարցեր: Վարչապետը ակնկալու՞մ է…դուք լու՞րջ եք խոսում: Իսկ ինչու վարչապետի ղեկավարած քաղաքական թիմը չի ձևավորում այնպիսի իրավապահ համակարգ, որ ոչ թե ակնկալեն, այլ իրավապահներից հստակ գործողություններ տեսնենք:
Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած կառավարությունը արդեն հատել է անհեթեթի բոլոր սահմանները: Նրանք շարունակում են գործել ընդդիմադրի կերպարի մեջ` առանց գիտակցելու, որ հիմա իշխանության կրող են և պետք է գործեն ու խոսեն օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում և պատասխանատվություն ստանձնեն, ոչ միայն իրենց արածների և չարածների համար, այլ նաև հայտարարությունների:
Եթե ձեր ունեցած տվյլաները, ինչի մասին այստեղ ասվում է, հավաստի են և փաստական, ինչու՞ Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ: ԻՆչու՞ նրա, ձեր ձևակերպմամբ, ղեկավարած կոռուպցիոն համակարգի պատասխանատուները ձերբակալված չեն և ինչու՞ նրանց ղեկավարած ՀՀԿ անվամբ կառույցի գործունեությունը դադարեցված չէ:
Բավական է մեզ հիմարի տեղ դնեք և թատրոն խաղաք: Կամ լռեք, կամ էլ փաստերով և օրենքի շրջանակում գործեք և կատարեք տված խոստումները: Այլապես, դուք էլ եք միանալու դրանց շարքին, ձեր կողմից թվարկված հանցագործություններին տեղյակ լինելու, և արդարադատություն գործելու փոխարեն ինքնագործունեությամբ զբաղվելու, ինքնադատաստան կիրառելու, իսկ ավելի շուտ` ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ համար»: