Ֆեյսբուքի լրահոսը թերթելիս հանրապետական կուսակցության վերջին համագումարից մի կադր ընկավ աչքիս' բրեժնեւյան ժամանակները հիշացնող մի նկար, ու հանկարծ ես հիշեցի, որ էդ կուսակցությունն ախր Աշոտ Նավասարդյանն էր հիմնել' Հայաստանի անկախության համար սովետական ռեժիմի դեմ պայքարած ու էդ պայքարի համար բանտ նստած մի մարդ: Եվ մենակ Աշոտը չէր, իրա կողքին էլի մարդիկ կային, որ Հայաստանի անկախության երազանքն էին ունեցել ու էդ երազանքի իրականացման համար պայքարել' վտանգելով իրանց ճակատագիրը: Էդ մարդիկ հիմա էլ հանրապետական կուսակցության անդամ են, մեծ մասը' Ազգային ժողովի պատգամավոր: Ուրեմն ո՞նց եղավ, որ սովետական ռեժիմի դեմ պայքարող անկախականների հիմնադրած կուսակցությունը էսօր դարձավ Սովետական Միության վերջին տասնամյակների կոմունիստական կուսակցությունը հիշացնող մի կառույց, որը նստել ա իշխանության թախտին եւ ոչ մի կերպ չի ուզում հեռանալ:
Աշոտ Նավասարդյանի մասին կենսագրական նյութերում ասվում ա, որ ինքը հանրապետական կուսակցությունը հիմնադրեց նժդեհականության, մասնավորապես ցեղակրոնության հիմքի վրա: Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց ակնհայտ ա որ սովետական շրջանի անկախականների մեջ եղել ա երկու թեւ, կարճ սենց ձեւակերպեմ' ցեղակրոն անկախականներ եւ քաղաքացիական անկախականներ: Էս երկրորդ թեւի ամենավառ ներկայացուցիչը Պարույր Հայրիկյանն ա: Բայց հաղթեց, վերջին հաշվով, առաջին թեւը' ցեղակրոննժդեհական:
Գիտեմ, ինձ կառարկեն, թե էսօրվա հանրապետականում Աշոտի հիմնածից եւ նույնիսկ Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից շատ քիչ բան ա մնացել, տեղի ա ունեցել անաղմուկ հեղաշրջում' իշխանությունն անցել ա էն մարդկանց, որոնք ոչ մի գաղափարախոսություն էլ չունեն, բայց հենց իրանք էլ որոշում են ամեն ինչ, իհարկե' Սերժի գլխավորությամբ: Էս ամեն ինչը տենց էլ կա, բայց պատճառը, որ հանրապետական կուսակցության մեջ հին գաղափարականները էդքան հեշտ նահանջեցին եւ դիմադրություն չկարողացան ցույց տալ, կարծում եմ հենց իրանց գաղափարախոսությունն ա' նժդեհականություն/ցեղակրոնությունը: Էդ գաղափարախոսությունը ոչ մի ձեւով համատեղելի չի ներկա քաղաքական իրողությունների հետ, փոխարենը շատ հեշտ օգտագործելի ա քաղաքական մանիպուլյացիաների համար' որպես իրական խնդիրները շղարշող վարագույր: Դրա համար էլ Սերժի եւ Սերժի հետ եկած նոր կադրերի համար էդքան հեշտ եղավ էդ գաղափարախոսությունը որպես հագուստ հագնելը' զրկելով դրանք որեւէ բովանդակությունից :
Իմ համար էս թեմայով բավական դժվար ա գրելը, որովհետեւ ես ոչ էսօրվա հանրապետականը ներսից գիտեմ, ոչ էլ անցյալի հանրապետականը կամ սովետական շրջանի անկախականներին եմ լավ իմացել: Բայց մեկ ա' հարցը ծագեց ներսումս ու ես ուզեցա դրան անդրադառնալ, որովհետեւ մեկ ուրիշը չեմ նկատել որ էս խնդրին անդրադարձած լինի: Գուցե գտնվեն մարդիկ, որ ավելի մոտից են տեղյակ նշածս գործընթացներին եւ ուզենան շարունակել խոսակցությունը, որը, իմ կարծիքով, ակտուալ ա, մանավանդ որ Պարույր Հայրիկյանը էս ընտրություններում դրեց իրա թեկնածությունը: