Վարչապետ Փաշինյանի լայվերի քոմենթները եթե նայեք, կտեսնեք, թե վերջին 2-3 օրերին վարկային կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու ինչ մեծ պահանջ կա հանրության շրջանում։ «Վարկս.ամ»-ը, կարծում եմ, առաջին հերթին հենց էդ պահանջի զոհն էր։ Փաշինյանն ուղղակի նստել, հաշվարկել էր, թե ինչքան մարդ իրան կծափահարի դրա արդյունքում ու վերջ՝ որոշել փակել այդ հիմնարկը։ Հիմա էլ նստած ամբողջ թիմով փիառվում են, ինչը նշանակում է, որ իշխանությունը հասարակական վստահության դեֆիցիտ է զգում։
Ես, իհարկե, տնտեսագետ չեմ և չեմ կարող ասել, թե «Վարկս.ամ»-ի փակվելն ինչ ազդեցություն կունենա ֆինանսական շուկայի վրա, բայց շատ վստահ կարող եմ պնդել, որ վարկային կազմակերպությունները մեր հանրության միակ խնդիրը չեն։ Մարդիկ ինչո՞ւ են սկսել բողոքել «Վարկս.ամ»-ների գործունեությունից։ Որովհետև իրենց եկամուտներն այլևս չեն բավականացնում վերցրած վարկերը մարելու համար։ Վաղը նույն պատճառով սկսելու են բանկերից բողոքել, հետո՝ կոմունալներից, հետո՝ սննդի գնից։ Հիմա ի՞նչ, հերթով ամեն բան փակելո՞ւ են։
Իսկ եթե բոլորս միասին Փաշինյանի լայվերի տակ սկսենք, օրինակ, ԱԳՆ-ից բողոքել, կարո՞ղ է ԱԳՆ-ն էլ մի օր լուծարվի։ Հարցը ավելի ճիշտ ձևակերպեմ. ի՞նչ եք կարծում, եթե այսօրվանից սկսենք բողոքել, քանի՞ օր հետո ԱԳՆ-ն կլուծարվի։
Հ.Գ. Ինքս միշտ չարիք եմ համարել վարկային կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում ու հիմա էլ եմ չարիք համարում, բայց չեմ կարծում, որ խնդիրներն այսպես է պետք լուծել