Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալի ուրվականը
Սահմանդրական հանրաքվեի քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվել է քսան օրից ավելի, բայց այն փաստացի մեկնարկել է միայն երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց մեծ հանդիպումների շարքը։ Վարչապետի առաջին ելույթների քաղաքական տեքստը գրեթե կանխատեսելի էր՝ առանցքում պայքարն է նախկինների դեմ, ինչը հուշում է, որ այս հանրաքվեն, ինչպես կանխատեսել եմ քանիցս, միտված չէ ապագայի օրակարգի ձևավորմանը։
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի համար չվերադարձող անցյալ են ու ըստ այդմ՝ «քաղաքական դիակներին» ռեստավրացնելու և հակադրության կողմ դարձնելու փորձ կարող է անել միայն իռացիոնալ իշխանությունը։
Անցյալի ուրվականն, առհասարակ, եղել է մեր բոլոր իշխանությունների անբաժան ուղեկիցը։ Օրինակ՝ 1998-ի պալատական հեղաշրջման կազմակերպիչ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահությունը սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի դեմ «պատերազմով» ու այդ նոտայով էլ ավարտեց իշխանությունը՝ դրա սիմվոլ դարձնելով Մարտի 1-ը։
Սերժ Սարգսյանն էլ հրապարակավ չէր հայտարարում դրա մասին, բայց առավելապես կենտրոնացած էր այն հարցի վրա, որպեսզի թույլ չտա Ռոբերտ Քոչարյանի վերադարձն իշխանություն։ Նա այդ խնդիրը լուծեց 2015-ի կեղծված հանրաքվեով, որն էլ, ի դեպ, դարձավ նրա քաղաքական գերեզմանափորը։
Անցյալի ուրվականների դեմ կռիվը լավ բանի չի տանում։ Դա չեն հասկացել Քոչարյանն ու Սարգսյանը, առայժմ չի գիտակցում նաև Փաշինյանը։ Անցյալի ուրվականներով մի սպանեք ապագան»։