Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտվանից գերակտիվ է իր facebook-յան էջում՝ ակտիվորեն ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի վերջին տեղեկությունները հանրապետությունում տնտեսական ակտիվության վերաբերյալ։ Ըստ պարոն Փաշինյանի' Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից։
Սակայն պարզվում է, որ պարոն Փաշինյանի խոստացված տնտեսության թռիչքաձև աճը, ըստ մասնագետների, ընդամենը 0,1 տոկոսով է ավելի, քան 2017-ին 2016-ի համեմատ արձանագրված ՏԱՑ-ը։ Հետաքրքիր է, այս 0,1 տոկոսի պատճառո՞վ է այսքան ոգևորվել պարոն Փաշինյանը։ Այս անգամ պարոն վարչապետը չի վարանել նաև ներկայացնել իր կառավարության գյուղատնտեսական ձախողումները. այն կազմել է մինուս 4,2 տոկոս։
Պարոն Փաշինյանի այսօրվա «տնտեսական» գերակտիվությունը facebook-ում պայմանավորված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված «գրիչային» և «ռեպորտաժային» սկանդալներով, որոնք մեծ վնաս հասցրին Փաշինյանի վարկանիշին, ինչպես նաև նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղելու հունվարի 29-ին և 30-ին Ժնևում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների շուրջ տեղի ունեցող հարցադրումներից և քննարկումներից, ըստ որոնց' Արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող բանակցություններն ընթանում են ոչ հայամետ ուղղությունով։
Այս ցուցանիշներից պարզ դարձավ, որ հետհեղափոխական Հայաստանում պարոն վարչապետի մատնանշած թռիչքաձև տնտեսական աճը վերաբերում էր միայն նրան և նրա չտես ու դիլետանտ թիմակիցներին, որոնց ապրելու մակարդակը կտրուկ բարձրացավ։ Իսկ հասարակությանը մնաց միայն զմայլվել և ուրախանալ Վիճկոմի հրապարակած տվյալներով, որոնց արժանահավատությանը ժամանակին կասկածում և խիստ քննադատում էր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, նախորդներին կրկնօրինակելով, սիրում է հասարակությանը կերակրել թվերով»։