«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Հրայր Թովմասյանի դստեր վերաբերյալ ավագանու անդամի գրառմանը, գրել է.

«Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին
STOP

Երեկ, սիրո եւ հանդուրժողականության աննախադեպ այս մթնոլորտում, ոմն ավագանի, ում ձայնը, պարզվեց, մինչ այս որեւէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա։ Ու ինձ համար կարեւոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային։

Էդ «ֆաս» տվողը էնքան վստահ է եղել, որ ամեն օր պարարտորեն ջրվող էս ատելության գաղջում հաստատ լինելու են իր «ֆասից» ոգեւորված նախակենդանիներ, որ անցնելու են գրոհի, էնքան վստահ է եղել, որ ատելության էս պարահանդեսում ինքը մենակ չի, որ հպարտ «քսի» է տվել։

Լավ է, որ այս անգամ թիմը ադեկվատ արձագանքեց ու սա երեւի թե ոնց պատահակսն հայտնվել է, էդպես էլ կանէանա։

Բայց դրանից մենք էս խնդիրը չենք լուծելու, քանի դեռ կան գործիչներ, ովքեր համառորեն «աչոկ» են հավաքում հանրության մի հատվածի ամենացածրակարգ բնազդների եւ իմպուլսների վրա։
Ջինը շշից այլեւս բաց է թողնված ու միայն ժողովուրդը, ով միշտ, ամենասահմանային պահերին կարողացել է սթափվել, էս ատելության գեներացիան կարող է կանգնեցնել։

Սիրելիներս, հարազատներս, թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլացնեն ու ուղղորդեն արդեն ընտանիքի ու երեխաների վրա։

Վսղը այդ երեխայի տեղում կարող է լինել ձեր զավակը։
Մերժեք ատելությունը, նեգատիվն ու չարությունը։
Ես հավատում եմ ձեր հավաքական իմաստնությանն ու բարությանը»։