ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով մետրոյի Հանրապետության կայարանի մոտ երեկ ցուցադրված «Հուզանք ու զանգ» աղմկահարույց ներկայացմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ու էս մառազմը և ապականությունը շարունակվելու է, քանի դեռ հասարակության մեծ մասը լուռ է
Երեկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպես կոչված, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցմանը, ինչը, պարզվեց, ըստ այդ «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկի, Երևանի ավագանու « Իմ Քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի` «ֆուտուրիստական պոեզիայի ապագայի ձայնն է անցյալում, որ գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը»: Հասկացաք չէ՞: Բնականաբար` ոչ: Ես ևս, լինելով մասնագիտությամբ թատերագետ, ով հաստատ տարբերում է արվեստը ապականությունից, մառազմից, զառանցանքից և հիվանդ մարդկանց ախտաբանական սուբլիմացիաներից, ոչինչ չհասկացա:
Հանրապետության մետրոյի տարածքում երեկ, քաղաքապետարանի թույլտվությամբ բեմադրված «ֆուտուրիստական մառազմի» մասին տեղեկացա իմ ընկերներից Վահագն Խաչերյանի գրառումից ու մինչ Ամուլսարից վերադարձա Երևան` «բարձր արվեստի» բեմականացումը ավարտվել էր:
Որ հասարակության մեջ կարող են լինել անառողջ ընկալումներ ունեցող մարդիկ, հասկանալի է: Ինձ իրենք չեն հետաքրքրում, քանի դեռ չեն հրապարակայնացնում իրենց հիվանդ և պաթոլոգիկ բնազդները: Վաղը, ես չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն ու «մտավորականների» մի հատված, ցավոք, բարեկրթությունս թույլ չի տալիս նրանց դեպքում «մտավորական» բառի մեջ օգտագործել կոշտ «ռ»-ն, ասի, որ դա բարձր արվեստ է և մեզ, տգետներիս, խորհուրդ տալ այցելել Թաջ Մահալ:
Սա այլևս աղետ է, ու այս աղետը կանխել է պետք օր առաջ: Ցավոք, հանրության մեծ մասը լուռ է, ու այդ լռությունը ամենամեծ քարտ-բլանշն է հիվանդների, ապազգային աղբի և հատուկ մշակված ծրագրով ապականություն քարոզողների համար:
Ու թող չհամարձակվի որևէ «ազատ ճախրող» արվեստագետ ասի, թե երեկ Հանրապետության մետրոյի մատույցներում տեղի ունեցածը արվեստ էր և գոյության իրավունք ունի: Արդեն ասացի` նույն տրամաբանությամբ վաղը հրապարակներում և ձեր երեխաների կրթարանների դիմաց նման «ազատ ճախրող արվեստագետները» կբեմադրեն Կամասուտրա ու ձեր երեխաները ստիպված կլինեն հաղորդակիցն ու ականատեսը լինել այդ «բարձր արվեստին»»: