«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փնտրում եմ ու ոչ մի «համապատասխան» հոդված չեմ գտնում։
ԱԱԾ հրապարակած նյութից կարելի է ենթադրել, որ քրօր 226 հոդվածով է քրգործը հարուցված («ազգային ... թշնամանք հարուցելը»), և այդ չիդենտիֆիկացված սուբյեկտը կասկածվում է 226-ի օժանդակության համար։ Օրինակ՝ «միջոց, գործիք» տրամադրելով (տվյալ դեպքում տեսականորեն «միջոցը» կարող է լինել կեղծ լուրը) օժանդակել է հայերիս նկատմամբ ազգային թշնամանքի հարուցմանը։
Բայց դա էլ չի «կպնում», որովհետև իրավապահ մարմինները, ըստ տեսանյութի իմ ընկալման, չեն պնդում, որ ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային «կեղծ լուր» տրամադրելով օժանդակելու հարցում սուբյեկտը դրսևորել է դիտավորություն։ Սուբյեկտը (կամ որպես սուբյեկտ հանդես եկող անձը) նույնպես պնդում է, որ ազգային թշնամանքի տարածման հարցում ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ չի ունեցել։
Իսկ օժանդակությունը կարող է կատարվել միայն դիտավորությամբ։ Անզգուշությամբ չի կարող։ Սա աքսեոմա է։
Մի խոսքով, չի կպնում։ Կկպնի միայն այն դեպքում, եթե մեր իրավապահները պնդեն, որ եղել է դիտավորություն։ Այսինքն սուբյեկտը գիտակցել է, որ կեղծ լուրով «միջոց» կամ «գործիք» է տրամադրում թշնամուն՝ հայերի նկատմամբ ազգային թշնամանք հարուցելու համար, և ցանկացել է դա։ Այ այդ դեպքում կստացվի։ Հակառակ դեպքում՝ չի ստացվում (եթե գործընկեր իրավաբանները այլ վերլուծություն ունեն, եկեք քննարկենք):
Մի բան էլ։ Եթե դու իրավապահ մարմնի տրամադրության տակ ես և փաստաբանի հետ չես, ապա ցանկացած հայտարարություն սկզբունքորեն վիճարկելի է և կարող է հաստատվել միայն այլ ծանրակշիռ ապացույցների բավարար համակցությամբ։ Սա էլ է աքսեոմա»,-գրել է նա։