ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես անարխիստ չեմ, բայց համաձայն եմ անարխիստ Բակունինի հետ.
նախագահական ընտրություններից մեկի ժամանակ, երբ մենք՝ լրագրողներով, կռիվ էինք տալիս հեռավոր գյուղի մի ընտրական տարածքում, որ Ստեփան Դեմիրճյանի քվեն չգողանան, իրեն հայ գրականության ռահվիրա համարող մի տիկին, որի գրականության սուպերթեման ծեծված, խեղճ, բարդույթավոր ու դժբախտ կինն է, ահա այդ գրական տիկինը, ով համակարգում էր Դեմիրճյանի մրցակցի նախընտրական շտաբի մամուլային գործերը, կիսագողական սպառնալիքներով մեզ՝ լրագրողներիս, փորձում էր վախեցնել ու գեղական նշանակության հրոսակների էր ուղարկել, որ մեզ ահաբեկեն։
Հիմա կարդում եմ այս կնոջ քծնանքը գործող իշխանությանը, ու զզվում եմ։
Իրեն մտավորական համարող նախկին մի պաշտոնյա անձնական նամակով խոնարհվում է իմ առաջ, երբ ասում եմ՝ Հանրապետության մետրոյի տարածքում ցուցադրված հակահիգիենիկ ակտը պերֆորմանսի հետ կապ չունի, ու նույն մարդը մի քանի ժամ անց հարցազրույց է տալիս թերթերից մեկին, լաքեյաբար քծնում Արայիկ Հարությունյանին և վերջապես ստեղծագործելու ազատություն ստացած «ազատ ստեղծագործողներին»։ Ու հասկանալով, որ իրեն պահել է ամենավերջին լաքեյի նման, նույն փակ ֆորմատով ինձ նամակ է գրում՝ «ես սրանց հավեսը չունեմ» մոտիվացիաներով։
«Աբադոկով» մի դերասան էլ իշխանությանը քծնանքի էնպիսի «լևլ» նվաճեց, որ ստաժավոր քծնողները մտան տևական «զապոյ»։
Եթե ես չհարգեմ ինքս ինձ և հրապարակեմ բոլոր այն արվեստագետների, թատրոնների գեղարվեստական ղեկավարների, գրողների, նկարիչների անձնական նամակները, ու դրանք համադրենք իրենց հրապարակային շիրայոտ քծնանքի հետ, շատ ողորմելի տեսարան կստացվի։
Իսկ իրականում սա ողբերգություն է, երբ իրեն մտավորական համարողը մշտապես, բոլոր իշխանությունների ժամանակ, լաքեյ մնաց՝ կոմունիստ, ՀՀՇ, ՀՀԿ, էսսեռ, մենշևիկ, բոլշևիկ ու հիմա էլ իմքայլական քծնող։
Սա ազգային աղետ է, սա դեգրադացման ու ռնգեղջյուրացման կլինիկական վերջին փուլն է։
Իսկ հիմա այն մասին, թե ինչու եմ համաձայն ռուս անարխիստ Միխայիլ Բակունինի հետ։ «ժամանակակիցը հակաէսթետիկի ու այլասերվածության էպատաժային քարոզչությունը չէ։ Ու ավանդականը անախրոնիզմ չէ։ Քո ինքնության «ես»-ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին։ Քո ինքնության հանդեպ հիստերիկ բարդույթներ ունենալը բնորոշ է չկայացած գործիչներին։ Ես տոլերանդ եմ մինչ այն պահը, երբ չեն ներխուժում իմ անձնական տարածք՝ առանց իմ թույլտվությունն ունենալու»։
Ստորագրում եմ Բակունինի ահա այս տողերի տակ։
Իսկ տարբեր փաբերում ու պադվալներում «բարձր մատերիաներից բանավիճող» «մտավորականների» հատուկ սելեկցիոն տեսակին մաղթում եմ մի քիչ դուխ։
Ի վերջո, «դուխը» այսօր նորաձև է»: