Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե տասներկու տարի դպրոցում չեն կարողացել պատշաճ հայոց լեզու սովորել, հայ գրականություն ուսուցանել, ապա ԲՈՒՀ֊ում չորս տարվա ընթացքում սովորացնելո՞ւ են։

Թե՞ ԲՈՒՀ-ը հայոց լեզվի լիկբեզի հիմնարկ է, ոչ թե մասնագիտություն ձեռք բերելու հիմնարկություն։

Կամ, եթե բոլոր մասնագիտությունների համար բուհական ընդունելության քննությունների ցանկում ներառված է հայոց լեզուն, և շատ ճիշտ է արված, և դիմորդը, ապագա ուսանողը հաղթահարում է անցողիկ շեմը, ապա նա գնում է բուհ, ոչ թե հայոց լեզուն սովորելու, այլ մասնագիտություն ստանալու։

Հայոց լեզվի իմացությունը ըստ մասնագիտությունների պետք է պահանջել մասնագիտական առարկաների դասախոսներից, որոնք հենց իրենց առարկաների ուսուցանման ժամանակ պետք է կարողանան դասախոսությունները, պարապմունքները գրագետ հայերենով ներկայացնեն։

Իսկ հայոց լեզվի դասավանդման խնդիրը դպրոցական կրթության որակի խնդիր պետք է դիտարկել։

Օտար լեզուների դասավանդման հարցին չեմ անդրադառնում, խնդիրներն իրար չխառնելու և հնարավոր շահարկումներից բուն խնդրի քննարկումը զերծ պահելու համար։

Հասկացանք, ամեն հարց էլ քաղաքականության առարկա է, բայց, առարկա ներկայացնելու համար մի քիչ էլ ոլորտի կարիքները և նշանակությունը կարևորեք, ոչ թե միայն սեփական գոյի նշանակությունը»։