Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու իշխանությունների հերթական պարզունակ օպերացիան ձախողվեց. ՍԴ-ն մերժել է ԱԺ կողմից ընդունված հարյուր էջից բաղկացած նախագիծը վարույթ ընդունել:
Արդեն նույնիսկ դժվար է մտապահել, թե ժողովրդավար հռչակած իշխանությունները ՍԴ-ն գործադիրին ենթարկեցնելու քանի օպերացիա նախաձեռնեցին: Այն, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Հրայր Թովմասյանի դեմ, գրեթե բոլորի համար արդեն պարզ է: Ավելի քան պարզ է, որ հերթական օպերացիայի ձախողումից հետո պետք է սպասել նոր նախաձեռնության, բայց բանական մարդու ֆանտազիան այլևս չի բավականացնում կանխատեսելու համար, թե իշխանություններն ինչ գլուխգործոց կբերեն դաշտ: Ամբողջ պետական ապարատը, մեդիա ռեսուրսները լծված են Հրայր Թովմասյանի դեմ արշավին: Ամեն օր մի նոր աղմկահարույց բացահայտում են «ի հայտ» բերում, բայց արի ու տես, որ ամեն ինչ մտացածին է, և որևէ տարբերակով չի ստացվում ճնշել Թովմասյանին և հասնել նրա հրաժարականին:
Եթե թվարկենք միայն, թե քանի ուղղություններով ու ինչ քայլերով է իշխանությունը մի քանի ամիս շարունակ ջանում ազատվել Թովմասյանից, ավելի քան պարզորոշ կլինի քաղաքական հետապնդման ամբողջ գործիքակազմը: Հրայր Թովմասյանի դեմ ճնշումները փորձում են իրականացնել ՍԴ-ի ներսից, ԱԺ-ից, վարչապետի կոնկրետ մեղադրանք պարունակող հայտարարությունների միջոցով, մերձավորներին կալանավորելով:
Իշխանությունները բոլոր քայլերին դիմելով հասկացան, որ Հրայր Թովմասյանը հանգիստ դիմանում է մի ամբողջ իշխանական քարոզչամեքենայի ճնշումներին: Հիշենք դատարանները արգելափակելու ակցիան, որը ևս ՍԴ նախագահին ճնշելու նպատակ ուներ: Հիշենք «Իմ քայլի» «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակման ակցիան: Ի դեպ, նման ծիծաղելի դերում հայտնվելու համար Վահե Գրիգորյանն արդեն վաղուց պետք է հրաժարական տված լիներ։ Վերջինս կարծես ունի նեղացվածություն, չի մասնակցել ՍԴ մոտ 10 աշխատակարգային քննարկումներին։ Միանգամայն հասկանալի է, չէ՞, որ եթե Վահե Գրիգորյանի փոխարեն լիներ «իմքայլականների» համար ոչ նախընտրելի դատավոր, ապա ևս մեկ 100-էջանոց նախագիծ կբերեին կարգապահական վարույթ հարուցելու առաջարկով։ Իսկ մենք լավ ենք հիշում, թե քանի թեկնածուի ԱԺ-ն մերժեց, մինչև իրենց սիրելի Վահե Գրիգորյանին գործուղի ՍԴ:
Անցնենք առաջ, հաջորդ պարզունակ քայլը ՍԴ դատավորներին օրենքով ճոխ փոխհատուցում խոստանալն էր, եթե նրանք հրաժարական տան: Ամառային նախաձեռնություններն այսքանով ավարտվեցին՝ երբեմն ծիծաղելի վիճակում դնելով ակցիաների կազմակերպիչներին:
Փաստորեն, իշխանությունն աննուղղակի ճնշումներով, համոզելով չկարողացավ հաջողության հասնել և գործի դրեց իրավապահներին։ Վատնումներ և չարաշահումներ իրականացնելու կասկածանքով մեղադրանք առաջադրվեց Հրայր Թովմասյանի երկու սանիկներին։ Ամենազավեշտալին այն է, որ իրավապահ մարմինների հաղորդագրություններով ընդգծվում էր, որ մեղադրվողը Հրայր Թովմասյանի սանիկն է, այն պարագայում, երբ տվյալ քրեական գործում Թովմասյանը որևէ ներգրավվածություն չունի։ Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ իրավապահների հաղորդագրությունները չեն տարբերվում Shamshyan.com-ի նյութերից, որտեղ դիտումներ ապահովելու համար պատահարի մասնակցի կամ կասկածյալի հայտնի բարեկամի անունն անպայման շեշտվում է։ Կարծես դա էլ անօգուտ էր, սկսեցին շրջանառվել, որ Թովմասյանը թաքցնում է իր անշարժ գույքի մի մասը։
Այն, որ Հրայր Թովմասյանի դեմ ճնշումները շարունակվելու են, կասկած չկա, միայն թե կանխատեսելի չէ, թե ինչ նոր տարբերակներ կմտածեն իշխանական պատգամավորները, կամ, հայտնի մարզպետի բնորոշած, «օրվա իշխանություններին ծառայող» ոստիկանությունը/իրավապահ մարմինները ինչ նոր «քրեական գործ» կկարեն։ Այնքան անտրամաբանական քայլերի ականատես եղանք, չենք զարմանա, եթե «ժողվարչապետը» կրկին կոչ անի շրջափակել Սահմանադրական դատարանը։
Ու այստեղ խնդիրը ոչ թե Հրայր Թովմասյանն է, այլ օրվա իշխանոթյան գործելաոճը: