Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը թվում էր՝ կարող է ստվեր նետել Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունների վրա: Պուտինը, հայտարարելով, որ այս դեպքը նման է «ողբերգական դեպքերի շղթայի», մեղմեց ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից Իսրայելի դեմ ավելի վաղ արված մեղադրանքները: Այս փուլում 2 երկրների հարաբերությունների դինամիկան կարող է փոքր-ինչ տարբեր լինել, բայց ոչ հարաբերությունների քաղաքականությունը: ՌԴ-ն գիտակցում է, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, երբ ինքը, մեղմ ասած, չունի շատ դաշնակիցներ, ևս մեկին կորցնելը չի բխում իր շահերից:
Նշենք, որ ի սկզբանե ինքնաթիռի կործանման վարկածները տարբեր էին. ինքնաթիռն անզգուշությամբ խոցել է Սիրիայի կառավարական ՀՕՊ-ը, Ֆրանսիան, Իսրայելը։ Ֆրանսիայի զինված ուժերի խոսնակը հերքել է իրենց առնչությունը սրա հետ: ԱՄՆ-ն ևս Պենտագոնի խոսնակի մակարդակով արձագանքել է դեպքին' հայտարարելով, որ ԱՄՆ-ն ևս կապ չունի միջադեպի հետ։ Արևմտյան լրատվամիջոցները հիմնականում գրում էին, որ ինքնաթիռը խոցել է Սիրիայի կառավարական ուժերի հակաօդային պաշտպանությունը, պատահմամբ։
Ենթադրվում էր, որ ռուսական կողմը կարող էր քննադատել սիրիացիներին և հակաօդային պաշտպանության համակարգերի կամ օդային պաշտպանության ինքնաթիռների նկատմամբ նրանց հմտությունների պակասը, սակայն հարկ է նշել, որ S-200 համալիրը ռուսական արտադրության է: Եվ հիմա փաստն այն է, որ ռուս զինվորները զոհվել են դաշնակիցների կողմից օգտագործված ռուսական ռազմական տեխնիկայի կողմից, ուստի Մոսկվայի խուսանավող քայլը գուցե հենց այդ փաստով է պայմանավորված: ՌԴ նախագահ Պուտինը փորձել է հարթել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր սրումը:
Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքներին՝ Իսրայելը պատասխանատվությունը դրել է Ասադի իշխանության վրա, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ռուսական կողմին տրամադրել դեպքի հետ կապված ինֆորմացիա, որն էլ իր հերթին բավական մեղմել է իրավիճակը: Հակառակ պարագայում չէր կարելի բացառել, որ Իսրայելը կկանգներ Ռուսաստանի պահանջի առաջ'սահմանափակելու իր գործողությունները Սիրիայում: Սա առաջին հայացքից կարծես հավանական է թվում, բայց անթերի չէ, քանի որ կարող էր հանգեցնել Իրանի և Հեզբոլահի սիրիա-իսրայելական սահմանին շահեկան վիճակում դիրքավորվելուն: Եվ նման դրսևորումը թերևս բավական էր ռուսական կողմի համար' գոնե այս պահին հարաբերությունների սրման չգնալ:
Եվ որքան էլ տարօրինակ կամ ոչ իրատեսական է հնչում, այդուհանդերձ, ապագայում ներկայիս միջադեպը կարող է էլ ավելի ամրապնդել ռուս-իսրայելական հարաբերությունները:
Ի դեպ, սա Սիրիայում ռազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցությունից սկսած ռուսական օդանավի առաջին աղետը չէ.
• 2018 թվականի մարտին ռուսական «Ան -26» տրանսպորտային ինքնաթիռը վթարի էր ենթարկվել «Հմեյմիմ» օդանավակայանում: Արդյունքում զոհվել էր 39 մարդ: Ինքնաթիռը բախվել է գետնին՝ չհասնելով 500 մետր հեռավորության վրա գտնվող թռիչքուղին: Ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր:
• 2017թ. հոկտեմբերի 10-ին նույն «Հմեյմիմ» օդանավակայանում թռիչքի ժամանակ Սու-24 ինքնաթիռը վթարի ենթարկվել է: Անձնակազմը զոհվել է:
• 2016թ. նոյեմբերի 13-ին՝ վայրէջքի մոտեցման ժամանակ, ՄիԳ-29Կ հածանավը վթարի է ենթարկվել «Ադմիրալ Կուզնեցով» թռիչքուղու վրա: Օդաչուն դուրս է թռել:
• 2016թ. դեկտեմբերին՝ նույն «Ադմիրալ Կուզնեցով» թռիչքուղու վրա վայրէջքի փորձ կատարելիս, Սու-33-ը կործանիչը վթարի է ենթարկվել: Ըստ ամենայնի, այն չի կարողացել բռնել օդային կործանիչի մալուխները, իսկ թռիչքուղու երկարությունը բավարար չի եղել արգելակելու համար, և ինքնաթիռն ընկել է ծովը: Օդաչուն դուրս է թռել:
• 2016 թ. դեկտեմբերի 25-ին Սև ծովում Ռուսաստանի պաշտպանության նախարարության Tu-154 ինքնաթիռը, որը Սիրիա էր մեկնում, վթարի է ենթարկվել: Օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում' լրագրողներ, պաշտպանության նախարարության մի քանի բարձրաստիճան սպաներ և այլ հասարակական քաղաքական գործիչներ: