11:25
Արշալույս Զուրաբյան. «Մեղքի մեր բաժինը»

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Օսմանյան կայսրության փլատակների տակ մնացին հայերը, հույները, եզդիներն ու ասորիները։ 1890-1923 թթ. հայության կորուստները կազմեցին շուրջ երեք միլիոն երեք հարյուր հազար մարդ, որն այդ ժամանակ կազմում էր աշխարհում ապրող հայության 60-70%-ը։

Հիշյալ շրջանում ունեինք երեք կաթողիկոսություն (Էջմիածնի, Կիլիկիո, Աղթամարի), նույնքան պատրիարքարան (Պոլսո, Երուսաղեմի, Հայ Կաթողիկե Պատրիարքություն), ազգային կուսակցություններ (Արմենական, Հնչակյան, ՀՅԴ, ՌԱԿ), աշխարհի լավագույն բուհերն ավարտած պայծառ երիտասարդություն ու ընտիր մտավորականություն, տարբեր երկրներում ծառայող բարձրաստիճան պետական գործիչներ ու հայտնի դիվանագետներ, մեծահարուստ նավթարդյունահանողներ ու ազգային ահռելի կապիտալ, որը կենտրոնացած էր Պոլսում, Իզմիրում, Բաքվում, Թիֆլիսում եւ այլուր։

Կար քաղաքական միտքը, բացակայում էր պետական մտածողությունն ու ազգի առողջ ուժերի համախմբումը, եւ այդպես էլ չհաջողվեց ձեւավորվել քաղաքական միասնական կենտրոն, հասարակական-քաղաքական լուրջ ղեկավարություն։ Բանիմաց ազգանվեր գործիչները զանգվածային անտրամաբանության կողմից արհամարհվում ու անտեսվում էին։

Չհասկանալով, որ ժողովրդի գոյության իրավունքը միայն զենքով հնարավոր չէ ապահովել՝ կռվի դաշտում ձեռք բերածը հեշտությամբ տանուլ էինք տալիս քաղաքականության մեջ։ Մեր մեջ ազգային արժեքներ կոչվածը վաղուց աղավաղվել ու վերածվել էր հարմարվողականության, ծայրահեղ տգիտության եւ բազում այլ կործանարար արատների։ Ովքեր իրականության հետ չէին հարմարվում եւ փորձում էին ինչ-որ բան փոխել՝ լավագույն դեպքում մերժվում էին կույր ու ստրկամիտ մեծամասնության կողմից։

Իրենց ազգի ղեկավար կարծողներն ու քնահարամ մեծամասնությունը գտնում էին, որ ազգային ողբերգության հիմնական պատասխանատուները օտար ու նենգ ուժերն են, աշխարհը մեր դեմ է, առանց ռուսների կորած ենք, թուրքի դեմ հարատեւ կռիվն էլ՝ մեր սրբազան պարտքն ու պարտականությունն է։

Եւ մինչ մեր հարեւանները յուրաքանչյուր փորձությունից ձգտում էին դուրս գալ նվազագույն կորուստներով եւ նույնիսկ ձեռքբերումներով, մենք, առանց վայրկյան իսկ մտածելու, նետվում էինք հրդեհի բոցերի մեջ։ Եւ ստացվեց, որ մեր կռիվը մեր դեմ էր, ուրիշի համար։ Մեզ օգտագործեցին ու ցանկացան նետել պատմության աղբարկղը։

Մեր ողբերգությունների մեջ մեղքի ու պատասխանատվության ՄԵՐ ԲԱԺԻՆԸ, որ սարսափելի մեծ է, դեռ խորությամբ չի ուսումնասիրվել, մինչդեռ այսօր էլ նույն մահաբեր հիվանդության բացիլների կրողն ենք, գտնվում ենք նույն կործանարար ընթացքի մեջ»։

Առաջարկում ենք նաև
Լրահոս