ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Եվրոպայի հնագույն բնակիչներից էին կելտերը, որոնք գերմանների հետ համեմատած զարգացման ավելի բարձր մակարդակի վրա էին։ Գերմանական ցեղերը քաղաքակիրթ աշխարհի հետ շփվում էին կելտերի միջոցով, հաճախ վարձու զինծառայության էին մտնում նրանց մոտ։

Կելտական հասարակության հոգևոր վերնախավը հայտնի էր դրուիդներ (լատ. druides) անունով։ Եզրույթը լատիներենից անցել է անգլերենին, բայց կելտական ծագում ունի։

Դրուիդը ճգնավոր էր, բժիշկ, ուսուցիչ, աստվածաբան, մոգ, փիլիսոփա ու մարգարե: Զբաղվում էր նաեւ օրինաստեղծ գործունեությամբ։ Իրենք իրենց անվանում էին «գիտելիքի զինվորներ»։ Նրանք ունեին հատուկ ծիսակատարություններ, հավատում էին հոգու անմահությանը: Ապրում էին անտառի բարիքներով ու համայնքի նվիրատվություններով: Հուլիոս Կեսարը նրանց ուսմունքը բնութագրել է կարգապահություն (լատ. disciplina) եզրույթով։

Հայտնի է, որ դրուիդները գրագրություն չէին վարում, քրմերը կրոնական գիտելիքները փոխանցում էին բանավոր, կարծելով, թե այդ ճանապարհով սրբազան գիտելիքները զերծ կմնան խեղաթյուրումից:

Նրանց մասին տեղեկություններ են թողել հույն ու հռոմեացի հեղինակները։ Այդ աղբյուրներից իմանում ենք, որ դրուիդները զոհաբերում էին մարդկանց ու կենդանիների։ Ծիսակատարությունների մասին հասել են կցկտուր տեղեկություններ։

Պատմաբան Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից