Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Նիկոլ Փաշինյանի և Զարեհ Սինանյանի տապալման գործում Ձեր մեղքի բաժինը գիտակցու՞մ եք: Հասկանու՞մ եք' երբ Հայաստանում հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերները խոստովանում են, որ հայրենադարձություն կազմակերպելը հնարավոր չէ, որ դա իրենց խելքի բանը չէ, ջուրն են նետում Ձեր ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունից սպասելիքները: Հարգելիս, հիշու՞մ եք, որ ընդամենը երկու տարի առաջ Երևանի հրապարակներում ցույցեր էիք անում և Սփյուռքում քարոզում էիք, որ պետք է փողոցային ճանապարհով զավթել իշխանությունը, որպեսզի «երկիրը երկիր դառնա» ու երկիրը լքած մարդիկ վերադառնան Հայրենիք: Հիմա պարոն Սինանյանն ասում է, որ հնարավոր չէ հայրենադարձություն կազմակերպել, այսինքն' խոստովանում է, որ երկու տարի առաջ Դուք բոլորով ինչ ասել եք, ինչ խոստացել եք, չեք կարողանում անել: Դուք ուղղակի ստել եք: Այո, ինչպե՞ս կազմակերպել հայրենադարձություն, երբ ժողվարչապետն իր անհաջողակների խմբակով շուրջ երկու տարի է' հայ մարդուն հանում է հայ մարդու դեմ:
Շուրջ երկու տարի է' ՀՀ քաղաքացիներին գույների է բաժանել, ատելություն ու բռնություն է քարոզում և խրախուսում: Շուրջ երկու տարի է' փորձում է ավիրել ազգային ինստիտուտները' եկեղեցուց մինչև ազգային արժեհամակարգի մասին պատկերացումներ: Շուրջ երկու տարի է' հայ մարդկանցից քրեական դատավարությունների սպառնալիքներով փող և քաղաքական լռություն է փորձում շորթել: Շուրջ երկու տարի է' փուլային տարբերակ է բանակցում, որ հայ մարդկանց արյունով ազատագրված տարածքները հանձնի թուրքին, տեղը' ստանա առանց խնդիրների իշխելու, այսինքն' ոչինչ չանելու, բայց հարկատուի հաշվին 70 հոգանոց թիկնազորով և թանկարժեք ավտոմեքենաներով պտտվելու, պալատներում ապրելու, ուտել-խմելու և պետական ինքնաթիռով արտասահմաններում անիմաստ ու անբովանդակ շրջագայելու երաշխիքներ:
Պարոն Թանկյան, Ձեր մեղքի բաժինը գիտակցու՞մ եք: Հասկանու՞մ եք, որ ժողվարչապետին ու Զարեհ Սինանյանին մի լավ քաշել եք: Ինչու՞ պետք է հայ մարդը հայրենադարձվի, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում Հայրենիքում, երբ տեսնում է, թե ուր են գլորել Հայրենիքնը, երբ տեսնում է, թե ինչ աղետի առաջ են կանգնեցրել երկիրը: Ժողվարչապետի բառերով ու Ձեր կատարմամբ խորովածի մասին երգն օյին չի: Ինչու՞ պետք է հայ մարդը հայրենադարձվի, երբ նույնիսկ հեղափոխության առաջնորդներից մեկը' Սերժ Թանկյանը, չի պատրաստվում հայրենադարձվել: Ավելին' հեղափոխության գլխավոր սիմվոլներից մեկը' Սերժ Թանկյանը, շուրջ երկու տարի է' համառորեն չի կատարում ժողվարչապետին տրված խոստումը' բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: