Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գիտակից անհատ հպարտությամբ կտոներ իր պետության անկախության օրը, կդարձներ այն ընտանեկան տոն, որդու ձեռքից բռնած կայցելեր իր հերոսի շիրմին:
Մեզանից շատ-շատերն այդպես չեն անում՝ բոլոր ցավերի, դժվարությունների մեղքը ՛՛բարդելով՛՛ անկախության վրա:
Արդյո՞ք անկախությունն այն արժեքն է, որի համար պետք էր այսքան զոհել, մինուս մեկից մինչև անվերջություն դնել «անկախության» արժեքի զոհասեղանի վրա:
Արժե՛ր, անտարակույս արժեր, պարզապես անկախության գաղափարը չամրապնդվեց, չդարձավ անշրջելի, չընկալվեց որպես ժողովրդի, պետության բնականոն զարգացման կարևորագույն ու անփոխարինելի արժեք:
Երբեմն մտածում եմ, որ այս ամենի պատճառներից մեկը մեր ներքին ազատության սահմանափակվածությունն է, իսկ ավելի ծայրահեղ՝ դրա իսպառ բացակայությունը:
Դարերով կարդացել ենք մեր պատմությունը, որ մազապուրծ ենք եղել, մեզ ջարդել ու կոտորել են անխնա, և անկախությանը սովոր չենք, խորթ ենք նրա հոգեբանությանը, պետության ինքնիշխանության գաղափարին խորթ ենք դեռևս:
Վստահ լինենք, որ հաջորդ սերունդները իսկապես կհպարտանան պետականության ու անկախության գոյության համար: Գոնե դրա համար արժե այսօրվա զոհողությունը:
Դժբախտաբար, անկախության վերականգնումից ի վեր այդպես էլ չուրվագծվեց Հայաստանի' որպես անկախ պետության զարգացման ունիվերսալ հայեցակարգը: Որևէ մեկն այսօր չի կարող ասել, թե 20, 30, 40 տարի հետո կառավարման ներկա փիլիսոփայության պայմաններում և զարգացման տեմպերով ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու:
Մեզ չի հաջողվել դեռևս գտնել և հասարակական կոնսենսուսով ամրագրել այն ֆորմուլան, որով պիտի լուծվի պետության առջև դրված առանցքային խնդիրները, մասնավորապես' չկա այն ներքին համերաշխությունը, թե'
1. Հայաստանը, վերջիվերջո, անվտանգության ինչպիսի՞ համակարգին պետք է մաս կազմի.
2. Հարևան պետությունների հետ հարաբերություններն ի՞նչ հանգուցալուծման հեռանկարով պիտի եզրափակվեն,
3. Տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների վերսկսման պարագայում դրանց դիմագրավելու անհրաժեշտ ռեսուրսների սակավությունը ինչո՞վ պետք է լրացվի,
4. Դեմոգրաֆիական մարտահրավերները հաղթահարելու համար ինչպիսի՞ ռեսուրսներ են անհրաժեշտ և ի՞նչ միջոցներով…
Սրան զուգահեռ, մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական կարևորագույն գործընթացներ և ցավալիորեն կան պետություններ, որոնք մեր փոքրիկ հայրենիքը պատկերացնում են լոկ մանրադրամ՝ իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու և առաջ քաշելու գործում:
Այս իրադրության պայմաններում մենք իսկապես սխալվելու իրավունք չունենք:
Ճիշտ հակառակը, մեր սերունդը պետք է համարձակորեն պատասխանատվություն վերցնի իր վրա և ստանձնի ազատության համար պայքարող հասարակության առաջնորդի դերը:
Իմ պատկերացմամբ այդ ճանապարհին անկախության սերունդը պետք է հանդես գա հարվածն առաջինն ընդունողի, ճանապարհ հարթողի և հնարավոր հաջողությունը վավերացնողի դերում:
Գուցե ճակատագիրը մեր նկատմամբ քմահաճ է, բայց ի՞նչ արած, հարկադրված ենք ևս մեկ անգամ անցնել Ռուբիկոնը' դառնալով ապագայի պատասխանատվության խորհրդանիշ…
Տոնդ շնորհավո՛ր, Հայաստա՛ն, և խոնարհումս հայրենիքի և անկախության համար մղված պայքարում իրենց կյանքը զոհած քաջորդիների լուսավոր հիշատակի առաջ...