1988-ից շուրջ 30 տարի անց էլ, ըստ էության, հայ ժողովրդի առջև նույն խնդիրն է դրված՝ պայքարը ազատության համար:


Գոնե իմ պատկերացմամբ, ներկայիս արտաքին մարտահրավերները ավելի վտանգավոր են, քան 10 կամ 20 տարի առաջ:


Մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական կարևորագույն գործընթացներ և ցավալիորեն կան պետություններ, որոնք մեր փոքրիկ հայրենիքը պատկերացնում են լոկ մանրադրամ՝ իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու և առաջ քաշելու գործում:
Այս տեսանկյունից առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ համար չափազանց կարևոր են և մեծ հաշվով, ապագայի համատեքստում, այն ընկալվելու է որպես ազատության և պետության ինքնիշխանության պահպանման ու ամրապնդման էական նշանակություն ունեցող գործընթաց:

Հետեւաբար, այս հարցում որևէ մեկս սխալվելու իրավունք չունենք:
Ճիշտ հակառակը, իմ խորին համոզմամբ, մեր սերնդի առաքելությունը նշված գործընթացում ոչ թե պետք է սահմանափակվի զուտ ձևական առումով մասնակցությամբ, այլև այն պետք է համարձակորեն պատասխանատվություն վերցնի իր վրա և ստանձնի ազատության համար պայքարող հասարակության առաջնորդի դերը:


Իմ պատկերացմամբ այդ ճանապարհին անկախության սերունդը պետք է հանդես գա հարվածն առաջինն ընդունողի, ճանապարհ հարթողի և հնարավոր հաջողությունը վավերացնողի դերում:


Գուցե ճակատագիրը մեր նկատմամբ քմահաճ է, բայց ի՞նչ արած, հարկադրված ենք ևս մեկ անգամ անցնել Ռուբիկոնը' դառնալով ապագայի պատասխանատվության խորհրդանիշ…

 

Նորայր Նորիկյան