«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չնայած Հայաստանի բոլոր փողոցների, մայրուղիների վրա դված արագաչափերին, ինչպես նաև բոլոր խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող հատուկ տեխնիկայի առկայությանը, հանրապետության ամբողջ տարածքում նկատվում է մահացու ելքով ավտովթարներիև վրաերթերի թվի աճ:
Չկա օր, որ չլսենք մահացու ելքով վթարի կամ վրաերթ մասին, ինչն արդեն ստանում է տագնապալի բնույթ:
Սա հաստատում է երկու հանգամանք.
1. Նշված տեխնիկական միջոցները ոչ մի կապ չունեն երթևեկության կանոնակարգման և ճանապարհային անվտանգության հետ, այլ նպատակ ունեն տուգանքներով հարստահարել ու կեղեքել վարորդներին՝ ապահովելով լրացուցիչ եկամուտներ մասնավոր ընկերությանը, որը, իմիջիայլոց, չփոխվեց իշխանափոխությունից հետո:
2. Ճանապարհային ոստիկանության իրավասություններն ու թվակազմն անթույլատրելի նվազեցված են:
Սակայն ի թիվս նշված փաստերի, հարկ եմ համարում նշել, որ հանրապետության փողոցներում իրենց ամբարտավան և լկտի վարքագծով առանձնապես աչքի են ընկնում հասարակության ստորին շերտի ներկայացուցիչները:
Նախկինում այդպիսի վարքագիծ նկատվում էր հասարակության հարուստ և արտոնյալ խավի ներկայացուցիների մոտ (իրավիճակ է փոխվել):
Կարծում եմ սա պայմանավորված է Հայաստանում հռչակված «ժողովրդի իշխանության» հանգամանքով, որտեղ յուրաքանչյուրն իրեն հռչակում է «ժողովուրդ», դնում օրենքից վեր և համարում ամենակարող ու անպատժելի:
Սրան նպաստում է նաև իշխանությունների կողմից իր էլեկտորատի նկատմամբ ցուցաբերվող խիստ լոյալ վերաբերմունքը, «թավիշն ու սերը», որ տարածվում է հասարակության առավելապես ստորին խավի նկատմամբ՝ դառնալով պատանիների, երիտասարդների կյանքի և առողջության սպառնալիք:
Վերջում ցանկանում եմ բոլորս արձանագրենք, որ.
«Հայաստանում քաղաքացին շարունակում է տուգանվել, նորից տուգանվել, և ապա տուգանվել՝ տուգանքը չվճարելու համար»: