ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԵԽԽՎ ստրասբուրգյան գագաթնաժողովին մասնակցող Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մի արտառոց դեպքի մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր ստրասբուրգյան իմ խաղաղ առավոտը որոշեց հարամել Գլենդել նա Դոնուից ջղաձգված մի կին։ Մի լիստ հայհոյանք էր գրել ինձ անձնական նամակով, որից հասկացա մի բան, որ ես «սկի» երևի հայ էլ չեմ, որովհետև շեղ աչքեր ունեմ…

Հայհոյողը Գլենդելից վերջում իր դաժան «վերդիկտը» հրապարակեց, որ ես մոնղոլ-թաթար կամ սելջուկ եմ և հայ ազգի անունից խոսելու իրավունք չունեմ։

Բայց մեկ ա՝ չհասկացա ինչի էր Գլենդել նա Դոնուի տիկինը գիշերվա ժամին հատկապես ինձ հիշել ու ավտոպիլոտի ռեժիմով ինքնակատաղել։

Բոլոր կատաղածներին, պալիատիվ բուժման մարդասիրական ակտից ելնելով' ասեմ՝ իզուր ավելորդ ադրենալին մի´ ծախսեք լատինատառ հայհոյանք գրելու վրա։ Ես անգամ հայատառը չեմ կարդում։

Եվ երկրորդ ու ամենակարևորը՝ դուք ինձ հերթական անգամ ստիպում եք համոզվել մի բանում, ինչում ես ունեմ աքսիոմատիկ համոզմունք։

Չսիրված, անհաջողակ ու դժբախտ կանայք դաժան տեսարան են։

Ամեն դեպքում, առավոտ լուսո, չհասկացա ինչ էր ուզում իմ կատաղած սփյուռքահայ տիկինը, բացի արձանագրումից, որ իմ թաթար-սելջուկական դեմքը իրեն ափերից հանում է։

Ուրախ օր բոլորիս և առողջություն ափերից դուրս եկած տիկնոջը։

Պահպանե´ք ձեր ափերը, թե չէ մի օր դուրս կգաք ափերից ու էլ ձեզ վերադարձնել չի լինի։ Այնպես որ, սեփական ափամերձին կանգնած հայհոյող կանայք, զգո´ւյշ եղեք, որովհետև ձեր սեփական ափերից պերմանենտ դուրս գալով դուք սահուն կերպով հայտնվելու եք հոգեբուժարանում, և էդ ժամանակ բնավ կարևոր չի լինելու,թե էդ հոգեբուժարանը Գլենդել նա Դոնու-ում է, Ավանում, թե՞ Նովի Աֆոնում:

Իսկ Ստրասբուրգում չքնաղ առավոտ է, և ես գնում եմ պառլամենտ՝ աշխատելու»։