Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկվանից մեկնարկել է Կոմիտասի շուկայի մայթին գտնվող կրպակների ապամոնտաժումը: Հուշարձան հանդիսացող այս շենքի գեղեցիկ ֆասադը պարզապես կորել էր կրպարկների հետևում, մայթն էլ վերածվել արևելյան շուկայի… Կոմիտասի շուկան մանկությանս հուշերից մեկն է՝ կապված լուսահոգի հորս հետ…
Ինձ հաճախ հետը տանում էր այնտեղ, որ իմ ձեռքով ընտրեմ մրգերը… Նաև այնտեղ սովորեցրեց տարբերել լավ բերքը վատից, ընտրել ճիշտ մսի կտոր… Շագանակագույն թղթե տոպրակները լցնում էինք ընտիր մրգերով, բանջարեղենով և կանխորոշում, թե այդ շաբաթ ինչ պիտի պատրաստի մայրիկը…
Տպավորվել է նաև մսավաճառ Եղիշ ձյաձյան, ում ականջի վերին հատվածը կտրված էր, քանի որ անզգուշությամբ ինքն իրեն կախել էր մսի համար նախատեսած կեռ կախիչից:
Շուկաների դատարկվելը, օտարվելը շատ վատ ազդեց քաղաքային կյանքի վրա… Նշեմ նաև, որ համայնքը վերջերս վերադարձրեց շուկայի հարևանությամբ գտնվող՝ Արաբկիրի մեկ այլ այցեքարտ դարձած բարձրահարկ շենքերի դիմացի տարածքը, որի բարեկարգման համար մրցույթ կլինի:
Ի դեպ, կարծում եմ' կարող եք դուք էլ նախագծեր պատրաստել և առաջարկել, երբ կմեկնարկի 1 մլն դոլարով քաղաքացիների գաղափարների ֆինանսավորման մրցույթ-ծրագիրը»: