Սթրեսով, հիասթափություններով, նվնվոցով պարուրված այս աշխարհում կան մարդիկ, ում երբեմն քմծիծաղով անվանում ենք թեթևսոլիկներ (գուցե "թեթև հոգի?" Soul- անգլ հոգի), իսկ ես նրանց անվանում եմ տոն-մարդիկ: Մեզ թվում է, թե նրանք հոգս չունեն, անպատասխանատու են վերաբերվում կյանքին, միայն հաճույքի մասին են մտածում և հիմարիկների պես անընդհատ ժպտում են:

 


Իրականում, եթե մոտիկից ծանոթանաք, գուցե ձեր խնդիրները և "տառապանքները" մկնիկի չափ երևան' նրանց ապրածի և ունեցածի համեմատ: Բայց արի ու տես, որ դուք թևաթափ եք եղել, լավ ակնկալիքներ չունեք, հրաշքների չեք հավատում և, ամեն օր դժգոհելով ձեր իրականությունից, խղճուկ գոյություն եք վարում, ոչ թե ապրում... Իսկ նրանց տեսնում եք կենսուրախ և գուցե հոգու խորքում նախանձում...

 


Տոն-մարդկանց պետք է նկատել և ձգվել դեպի նրանց' ստանալու նրանցից շատրվանի պես թափվող էներգիայի թեկուզ կաթիլները: Նրանք կարողանում են միայն իրենց հայտնի ձևով մեզ վերցնել կենսուրախ մրրիկի մեջ ու պտտացնելով բարձրացնել երկինք: Կարծես խնդիրներդ մնացել են, բայց դու այլ աչքով ես նայում դրանց ու ոչ թե հոգսերդ են կառավարում կյանքդ, այլ դու նրանց:

 


Նման շփումը կարող է տևել մի երեկո, մեկ ժամ, գուցե ավելի երկար կամ կարճ...Կարևոր չէ..Կարևորը, որ դու տրվես այդ մարդկանց, թույլ տաս քեզ մաքրել ու սնել թարմությամբ ու դրական լիցքերով..
Իսկ գիտեք, որ ինքներդ էլ կարող եք տոն-մարդ դառնալ?

 

 

Իզաբելլա Աբգարյան