ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին մեղմ ասած «դուր չեն եկել» Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակում հնչած քննադատությունները: Ընդ որում, խոսնակը այս պահին ցանկացել է անդրդառնալ միայն կրթական համակարգի վերաբերյալ հնչեցրած քննադատությանը՝ մատնանշելով, թե «Ժառանգություն» խմբակցությունը « վերջին տարիներին, գրեթե մշտապես ոչ միայն կողմ է քվեարկել կրթական բարեփոխումներին ուղղված օրինագծերին, այլ հրապարակայնորեն պաշտպանել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները»:
Եթե նույնիսկ մոռանանք օտարալեզու դպրոցների բացման հետ կապված «Ժառանգության» բողոքը, կրթօջախները քաղաքականացնելու դեմ հնչեցված պահանջները, ապա կարող ենք արձանագրել մի փաստ, որը գուցե ՀՀԿ-ում հաշվի չեն առնում. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼ ՆԱԵՎ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՔ ԻՐԱԿԱՆԱՑՎՈ՞ՒՄ Է ԲԱՎԱՐԱՐ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ:

Ի դեպ, սա վերաբերում է բոլոր ոլորտներին, իսկ քանի որ մեր երկրում թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր մարմինները միևնույն կուսակցության՝ ՀՀԿ-ի «ձեռքում են», ապա ոչ միայն օրենսդրական, այլ նաև գործադիր իշխանության աշխատանքի արդյունքների համար պատասխանատու է նշյալ կուսակցությունը:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» խմբակցության «քայքայման» վերաբերյալ պարող Շարմազանովի դիտարկմանը, ապա մենք, սովորական քաղաքացիներս, ականատես ենք, որ նախկին խմբակցության բոլոր անդամներն այսօր էլ գործում են միասնական և սատար են կանգնած թե՛ իրենց որդեգրած սկզբունքներին, թե՛ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Խմբակցությունները կարող են փոխվել, կարևորը որ «թիմը» կուռ լինի: Հարց տվեք ձեզ, թե քանի՞ հոգի կանգնած կլինի ձեր կողքին, եթե դուք զրկված լինեք իշխանական լծակներից, կամ էլ «յուղոտ պատառ» չտաք այսօր ձեր կողքին կանգնածներին: