Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ: