Երերուն, բայց անշեղ ընթացք

Ինձ համար դյուրին էր ասել. «Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ». և հավելել արդար խղճով՝ «Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալների չբերեց»: Կարող էի ասել. արժանավորների մեջ այդ արժանավորին մի կողմ քաշել այս փլուզման մեղավորների ստվար զանգվածից ու արդարանալ' «ինքն անպարտ է, մենք անպարտ ենք»։
Բայց որովհետև փլուզումը մեր իսկ փլուզումն է, որը թվում է այլևս ի զորու չենք դիմագրավել- մերային ավագների ու անցածների հետ պարտք ու պահանջի մեջ ենք մտնում և, մեզ հավասար, պարտք ու պահանջի մեջ ենք մտնում առաջինը հենց ամենաարժանավորների հետ։ «Ինչո՞ւ ինձ այս նյութից շինեցիր եւ ինչո՞ւ ինձ ստեղծեցիր այս աշխարհում»։ Նախկինում այդպես է գանգատվել Արտավազդ արքան, մյուս վիպերգի Մհերը, նախնու ուժով զորացել կամ անեծքով այդպես են ծանրացել բոլորը։
Բայց խոսքս ինչպես կառուցեմ, որ կարողանամ շրջանցել այդ անխուսափելի «չնայածը». «չնայած անասելի դժվար պայմաններին, այնուհանդերձ…», «չնայած հայ մարդու իր ստուգապես ազգային մի խոշոր թուլության, նա, այնուամենայնիվ, հարաբերվել կարողացավ աշխարհի ազատների այն համայնքին, որ իրեն բանաստեղծների համայնք է անվանում», «չնայած իր ժամանակը կենդանի պահեր այնքան քիչ ունեցավ, որ կարելի է անժամանակություն կոչել, և իր տարածությունը կենդանի թրթիռներ այնքան հազվադեպ բացահայտեց, որ կարելի է անապատ ասել, բայց և այնպես…»։ «Չնայածը» իսկապես չպետք է շրջանցվի, որովհետև…

 


Որովհետև ի վերջո ընթերցողի հոգսը չի, թե իր տունը ուրախ ճլվլոցով լցնելուց առաջ խոսքը, ասենք Փավստոսի, քանի թակարդի է խաբել, որքան կրակների վրայով է ճախրել. գանձարանի հոգսը չի, թե այսինչ զմրուխտը ինչ մոլոր բավիղներով է եկել. վերոհիշյալ ազատ համայնքի գործը չի, թե մի ամբողջ շահագրգիռ թիկնազոր էր առաջնորդում, ասենք, ուրիշ մի Ս-ի դեպի այդ նույն ազատ համայնք, իսկ Սահյանը ներկայացավ մեն ու մենակ։ Ներկա ես՝ ներկա ես, ներկա չես՝ ներկա չես, այդպես է, կաս կամ չկաս։
Ազատ բառը շատ գործածվեց. հիշենք, որ Ազատը Աստծու հետ և Խոսքի հոմանիշն է. Բանը և Աստված հոմանիշ են, Ազատը երկուսի հոմանիշն է։ Ուրեմն՝ Գրականություն-Ազատություն։ Ազատություն անբանության անասնական կապանքից։ Բանը այստեղ խոսքն էր՝ ի սկզբանե էր բանը. բան հնչեցրիր՝ քեզ զատեցիր անբանության լուռ զանգվածից։ Բռնանալ բանի վրա՝ նշանակում է մարդուն ետ անկենդանության կապանք մղել։ Բանը մեզանում նաև գործն է։ Բռնանալ բանի վրա՝ նշանակում է խեղված երկիր բացարձակել։ Ասացի և ահա լայն դարբաս բացվեց խոտանումի ու ինքնադատափետման ասպարեզի վրա. խուժիր թեկուզ ամբողջ զորագնդերով և խոտանիր ու ոչնչացրու խեղված այս ողջ գործն ու բանը՝ երկիրդ երկիր չէր, կուռքերդ կուռքեր չէին, ծեսերդ ծես ու երգդ էլ երգ չէր։
Բայց Սահյանը եղել է, Սահյան է եղել:
Բռնության դեմ ազատության պայքարի՞ Սահյան։ – Ո՛չ։ Ազատությունը իր պայքարի տղերքին կալանում է, և էլ երբեք նրանց չի տրվում ազատ լինել։ Փառք իրենց, բայց նրանք մարդկության մեր ընթացքի ելևէջման միայն մի պահն են՝ ընդվզումի, ժխտման, ապստամբության շատ կարևոր պահը, և սակայն մյուսները կան, ովքեր իրենցով բովանդակում են ելևէջի ավելի տևական շառավիղ։ Սահյանի մեջ տևականության այդ միտումը կա։

 


Ինքն այդ գիտեր և ա՞յդ պատճառով կամ դրա՞ շնորհիվ էր չպայքարողի վարք որդեգրել։ – Ո՛չ։ 1914-ի ծնունդ, իր ժողովրդի զավակ, եղեռնի ու գաղթերի, համայնավարացման ու հավատաքննության ու պատերազմների վկա՝ ինքը իր և մեր սոսկ գոյությունն իսկ հաղթանակ ու հրճվանք էր համարում։
Ուրեմն՝ հանդուրժումի ու հաշտվածությա՞ն Սահյան։ – Ո՛չ։ Այդքան քաջ չէր, որ ընկներ մինչև վերջ և անկումը ճանաչեր և բարձրանար մինչև վերջ և համբարձումը ճանաչեր, և առավել' քարոզեր։ Պարտված և ռամիկ երկրի որդի՝ պատերազմի և խաղաղության, հաղթանակի և պարտության, անկումի և վերելքի հիմնախնդիրները նրան ներկայանում էին ինչ-որ այլ կեցվածքով՝ գուցե արժանապատվության, թերևս ինչ-որ բան չմատնողի, իր խոսքով՝ հեկեկանքի ելքը սեփական ձեռքով ծեփած։ Բայց սա արժանի՞ք է բանաստեղծի համար։ Եթե ինքնազսպումի այս աշխարհը մի աշխարհ է, որից անդին Քամն ու քամականությունն են, այո՛, արժանիք է։
Հայ գրողի նրա կերպարը, նրա բարոյական կեցվածքը, նրա կեցվածքի բարոյականությունը ծեփվում է, իհարկե, առաջին հերթին նրա արածից, բայց և, որ շատ կարեւոր է, նաև չարածից, առաջին հերթին տեսած-նկատածից, բայց և չնկատելու տվածից, Սեմի-Հաբեթի իր պանծացումից, բայցև, որ շատ կարևո՛ր է, իր ներսի, իր իսկ Քամի ճնշումից, Ահեղ դատաստանի բացահայտման հրաժարեմքից… որովհետև Բանը, առաջին հերթին մեր ազգային Բանը, որքան եղածի պատմություն, նույնքան էլ գալիքի մարգարեություն է, մարգարեությունը որքան գուշակություն, նույնքան էլ հրավերք է, արարումն, կոչունք, ոգեկոչումն է ինքնակա թվացող լինելիքի։ Անսպասելի ոչինչ, ոչինչ չի լինում։ Լինում է այն, ինչի սպասում, այլև կանչում ենք։ Հայ մարդուն, Հայոց հայրենիքին մեծագիր Այո ասելու նրա հույժ հաստատական շեշտը ուղիղ մատնացույցն է հայրենիքի համար նրա տագնապի։ Ազատ ծնվա՞ծ Սահյան։ – Ո՛չ։ Իր մուտքը «Հանճարեղ պատանու» մուտք չէր, իր ընթացքի վերուվարումները նույնպես ի բնե մեծ լիցքի վկայություններ չէին։

 


Վարպե՞տ Սահյան, որ աշխարհի ու հայրենի ժառանգությունը յուրացնելով ու յուրացնելով տարիների մեջ «Հանճարեղ պատանի» դարձավ։ – Երբեք։ Հենց որ գտնում էր, թե ինչ է պոեզիան և ինչ պետք է անի պոեզիան, տողերը գրչի տակ մեռնում էին։ Այդ՝ երևի թե այն պատճառով, որ կարծում էր պոեզիան է իրենը և ոչ ինքը պոեզիայինը։ – Այդպես պոեզիան ինքնակա մի բան է դառնում, այո՞։ – Ինքնին մի երևույթ, Աստծուց ընձեռվող տեքստ, ինչից ոմանք հաջողացնում են էջեր փաղ
ցնել։ – Եվ Սահյանին հաջողվե՞լ է։ – Հաջողվել է և՝ հաճախ։
Նա գյուղացի էր, բնապաշտ, պահպանողական, արևելքցի, աշուղ – նա քմայքոտ մտավորական էր, արևմուտքցի, հույժ արդիական։ Բայց ո՛չ հույժ արդիական էր, ո՛չ արևմուտքցի, ո՛չ մտավորական, ո՛չ աշուղ, ո՛չ արևելքցի, ո՛չ էլ գյուղացի։ Բնությունից գիր, գրից բնություն, ալտրուիզմից ազգայնականություն և ազգայնականությունից այլասիրություն, այսօրից անցյալ և անցյալից այսօր, բանաստեղծից գյուղացի և գյուղացուց բանաստեղծ երթուդարձն էր Սահյանը, հարատև, անվերջ երթուդարձը։ Կառանումը որպես թե վերջապես գտնված որևէ հանգրվանի մահ է, պոետի մահն է։

 


Ես իր ընթերցողն էի դեռ այն հեռու դպրոցական տարիներիս, և ինքը պետք է որ ենթադրելիս լիներ, թե իրեն ընթերցող, արտասանող, իրենից քաղաբերող ունի անգամ երեկոյան դասընթացների աշակերտության մեջ։ Հետո իր բերանբաց ունկնդիրն էի, երբ խմբագրի իր և «Անլռելի զանգակատունը» գրողի իրենց զույգը ուսանողներիս առաջ ցուցադրում էր գրքի հրապարակման իրենց հաղթական շքերթը – վերադասին ինչպես էին անպատեհ ժամի ու անվայելչորեն առանց փողկապի անակնկալի բերել, տիկինն ինչպես էր վերադասի դրական չեզոքությունը համակրանք դարձրել առ գիրքն ու հյուրերը և այլն։ Ապա գինու և հացի իր ընկերն էի, կարելի է ասել՝ մտերիմ, եթե ինքն իհարկե իրեն թող կտար թուլանալ կամ խրոխտանալ այնքան, որ ասեիր՝ «պատյանից ելած Համո Սահյանին ես տեսա, շողուն էր կամ ժանգակեր»։ Հյուրընկալեցի և հյուրընկալվեցի, հիվանդի իր սնարին կանգնեցի և նեղության իմ ժամին գլխավերևս կանգնած առաջինն իրեն նկատեցի։ Հետո իր թափորի հուղարկավորն էի, հիմա' իր շիրիմի այցելուն։
Ես իր հուղարկավորը, հացընկերը, զրուցակիցը, ունկնդիրն էի, որովհետև իր ընթերցողն էի, իրենից զորություն էի հայցում։ Հիմա իր ուխտատեղիի ուխտավորն եմ, որովհետև մնում եմ դարձյալ իր ընթերցողը։ Կտա ինձ իմ ուզածը, կզորացնի՝ իսկապես ուխտատեղի կդառնա, չի տա' կլքեմ, ի շարս բազում հասարակաց թող խաղաղությամբ վայելի անանունի իր շիրիմը. հայրենի հողը շատերին կոչել և քչերին է ընտրել։ Իմ անկումների և հուսահատությունների ժամերին մի պահ անգամ իմ կողքին չեղավ՝ կլքեմ անպայման, չուզենամ էլ' կլքեմ, տարիներով ու հավիտենություններով ետ կմնա, կմոռացվի։ Այդպես կլինի, քանի որ մեր լքելուց առաջ իրենց ընթացքի մեջ մի պահի պիտի որ հենց իրենք լքած լինեն իրենց, դավաճանած լինեն իրենք իրենց և մեզ։ Այդպես է, որովհետև մի պահի մեջ սեղմված հավիտենությունն է, մի մարդու մեջ' սերունդների չուն, մի մարդը բոլոր մարդկանց բոլոր պահերն է։

 


Իր զորության, իրենց զորության կարիքը ես շատ եմ զգում- «այսօր և վաղը և վաղվա վաղը»։ Կենսական օդի, ջրի պես անհրաժեշտ՝ այդ զորության ծարավը ինձ յուրովի կռապաշտ է դարձնում. ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ կաթնաղբյուրային ակունքի հորդումն եմ ակնկալում և ակունքներից, որոնք երբևէ չեն բխել, չեն եղել. սա ի՞մ թուլությունն է, իմ տկարության համար ես ի՞նձ մեղադրեմ։ Որևէ ֆրանսիացի, ռուս, թուրք, վրացի, արաբ իր ընթացքի մեջ այսքան ե՞տ է նայում, ետ նայո՞ւմ են առհասարակ, նրանց գրականությունը իրենց ժողովուրդների ու թագավորների համար այսպես ապաստարա՞ն է դառնում, ապաստարան դառնո՞ւմ է։ Եթե ոչ՝ ուրեմն գրականությունը խա՞ղ է, եթե այո՝ իրենց բարվոք կամ խեղդուկ այսօրը իրենց գի՞րն է բերել: Ինչ է, մեզ ու ժողովրդին, երեկ, զրկում էինք այսօրվա այս գեհեն և սոսկական հայեցողի մեր անջիղ պատո՞ւմն էինք պատմում, տեսանող էինք լինելու- հայեցո՞ղ էինք։ Եթե թագավոր ու թագավորություն ունենայինք՝ ա՞յլ առաքելությամբ էինք բերան բացելու, ուրի՞շ էր լինելու Խորենացու-վիպերգի- Աբովյանի- Թումանյանի- Չարենցի մեր խոսքը։ Ռուսներն ահա (պարսիկներն ահա, թուրքերն ահա, արաբներն ահա) թագավոր ու թագավորություն էին- ա՞յլ է բանաստեղծի իրենց խոսքը: Իրենց հետ գործ չունեմ, գնամ նմանի՞ս գտնեմ, երկնքից սխա՞լ տեղ ենք կաթել, վրիպա՞ծ ժամանակ, թե՞ հենց Աստծու վրիպանքն ենք որ կանք։
Ուզում եմ հավատացած լինել, որ հիմա անձիս ու գործիս պատվախնդրությունը չի խոսում իմ մեջ, այլ' խոսքի հիմնարար նշանակության գիտակցումը:
Ի սկզբանե էր բանը։ Բայց սա կուսակցական ծուղակ չէ՞ միամիտներիս համար- խեղճուկրակ աստնվորիս կանգնեցնել որպես թե արարման ակունքներում և ինձանով հեղինակազորել ինքնագո ողջ սևն ու սպիտակը, որպես թե ես ահա ոգեկոչեցի և եթե ինձ ուտում են՝ ի՛մ ճիվաղները, եթե սավառնում եմ' ի՛մ հրեշտակներով։ Թե՞, այնուամենայնիվ, հավակնոտ ու շատ մարդկային մղումն է սա- ի սկզբանե էր բանը՝ մարդու մեր խոսքին արարումի եռանդ հաղորդել:

 


Չգիտեմ։
Գիտեմ միայն, որ չպետք է տեսած լինեի մարդու վրա այս վայրենի հարձակումը, մարդու և մարդկայինի այս փորձությունը, աշխարհի ու մարդու այս ծվատումը- առավել ևս, որ ծանր փորձանքի Սահյանի աշխարհն է եկել, որ նրա հրավերով ասպարեզ ելած մարդն է հոշոտվում։
Մի ուրիշ անգամ պիտի որ արտահայտված լինեմ մոտավորապես այսպես. «Իրեն քաղաքակրթություն անվանած այս վայրենության և թշնամական բանակների սլաքը ճշգրիտ մատնացույց է դառնում դեպի այն, ինչը արժանի է մեր տագնապներին ու պաշտպանությանը- հայրենի տունը»։ Ավիրվում է ահա այդ հայրենին, նույն այդ տունը, և նույն միս ու մարմնի մեջ՝ չարամիտ անցորդի է վերաճում երեկվա տանտերը, ում ճակատից ազնվության ու ազնվականության գիր էր վերծանում Սահյանը։ Այս ի՞նչ եղավ, այս ի՞նչ է լինում, ո՞ւմ մեղքով, բանաստեղծների՞ս մեղքով, մեղքը իրենը Սահյանի՞նն է, մեղքը մեր նախնիների՞նն է՝ որ այս կործանման առջև այսքան անզոր ենք, որ թերիներ սերեցին, եւ թերիներս հիմա կործանվում ենք։ Եթե խեղճությունը մեղք է՝ այո, եթե խեղճությունը նախ մտքի խեղճություն է՝ այո, մեր մտքի դաստիարակներն են խուճապային այս նահանջի մեղավորները:
Միայն պարապ ունկերը կլցվեին այսպես այլ ձայներով, զորաց ոտը այսպես միայն մտքից տկարները կգնային, միայն հոգով աղքատները կտրվեին այսպես այլ աստվածների, միայն թիապարտները կջարդեին այսպես թիարանը' կործանելով նավի հետ և իրենց, մեծուփոքրով այսպիսի ինքնագերեվարման միայն անաստված ժողովուրդը կգնար։ Աստծու թե սատանայի առաքյալների առաջ ի՜նչ տարողունակ ավազան է հոգով աղքատ ժողովուրդը, վարձու բանակ կապողների համար ի՜նչ ազատ ասպարեզ է կարիքի հրապարակը։

 


Մեզանում և այլուր եզակիորեն առաջիններից և կամ 20-րդ դարի մարդու իր մեջ մի համայնապատկերի բերելով նախորդների ու ժամանակակիցների կողմնակի, անվստահ, բոլոր դեպքերում՝ ոչ-սևեռուն փորձը, Սահյանը հասարակական-քաղաքական մտքի օրենսգրքում քաղաքացիական իրավունք գրանցեց ինքնաբավորեն լուսավորյալ ինքնակա ադամորդու համար։
Այդ մարդը նախաստեղծորեն ինքնաբավ է, ինքնակա, կատարյալ, քո սիրո, լույսի ու քո գաղափարների մերձավորության կարիքը ամենևին չունի. քո վերաբերմամբ որևէ պահանջ եթե այնուամենայնիվ ունի- իրենից քո հեռանալու, առաքյալի քո որոգայթներից իրեն դուրս թողնելու, պարոնտիրոջ սիրո քո ողորմությունից իրեն ազատելու պահանջը, քանի որ քո մերձավորությունն իրեն դառնացնում է, աղարտում, աղավաղում ու ոչնչացնում, ինչի վկայությունն այսօր երեքհարյուրմիլիոնանոց այս քանդուքարափ հանրակացարանն է։ Եվ եթե քեզնից իր նկատմամբ մի վերաբերմունք հայցվում է- պատկառանք իր կատարելության առաջ։
Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։ Եվ որովհետև հաճախ թափոր ենք' առանց դրոշի և ավելի հաճախ առաջնորդվում ենք ուրիշների սրբապատկերներով, Սահյանի գործը էականորեն կարևոր է։
Մայիս, 1994 թ

 

 

Սիրարփի Մարգարյան